Մատչելի հղումներ

Աշխարհում չորս միլիարդ մարդ ունի ջրի խնդիր


Եթովպիան այս տարվա երաշտի նման խիստ երաշտ չէր տեսել անցած մի քանի տասնամյակների ընթացքում։ Մանկահասակ ու փոքր երեխաները հայտնվել են չափազանց մեծ վտանգի առջեւ։ Աֆարի շրջանից մարդիկ գալիս են շրջանային հիվանդանոց, քանի որ տանն ուտելու այլեւս ոչինչ չի մնացել։

Երեխաս այնքան թերսնված է, որ այլեւս չի կարողանում կրծքի կաթ ուտել, ասում է այստեղ եկած կանանցից մեկը։

Աշխարհում ջրի գնալով աճող պակասն ունի մի քանի պատճառ՝ աշխարհի բնակչության թվի աճը, ջրի կիրառման սովորույթներն ու գյուղատնտեսության կողմից պահանջվող ջրի աճող ծավալները։ Ջրի պաշարների վերջին հետազոտությունները կատարած խմբի ղեկավարներից Արիեն Հուքսթրայի խոսքերով. ՝՝Պակասում են ստորգետնյա ջրերի պաշարները, իջնում են լճերի մակերեւույթները, որոշ լճեր նույնիսկ անհետանում են։ Ջրերի ծավալները պակասում են գետերում։ Սակայն մեծաթիվ համայնքներ շարունակում են բնակվել այն վայրերում, որտեղ այլեւս ջուր չի հոսում՛՛։

Ըստ ուսումնասիրության, այսօր արդեն 4 միլիարդ մարդ է կանգնած ջրի պակասի ծանր խնդրի առջեւ՝ նախորդ տարի երկուսից երեք միլիարդի դիմաց։

Ջրի պակասը տարածվում է Չինաստանից մինչեւ Հնդկաստան։ Վտանգի տակ են Մեքսիկան, Հյուսիսային Աֆրիական, Հարավային Ամերիկան, Մերձավոր Արեւելքը ու Ամերիկայի արեւմտյան ափերը։

Ուսումնասիրության հեղինակները կոչ են անում քաղաքական գործիչներին մշակել հատուկ ծրագրեր, քանի որ ջրի պակասն այսօր նույնքան վտանգ է երկրագնդի համար, որքան կլիմայական փոփոխությունները։ Նրանք ուղերձ են հղում նաեւ մարդկանց, գիտակցել կիրառվող ջրի կարեւորությունը։

Արիեն Հուքսթրայի խոսքերով, մարդիկ պիտի իմանան, որ նույնիսկ ավելի քիչ միս ուտելու միջոցով կարող են խնայել ջուրը։ Նա նկատի ունի անասնապահության կողմից կիրառվող ջրի հսկայական ծավալները։

Նրանք հույս ունեն, որ ուսումնասիրության այս տվյալները կստիպեն դիմել ջուրն ավելի խնայողաբար օգտագործելու գործողությունների։ Պետք է ոչ միայն պետության ղեկավարները, այլ նաեւ ժողովուրդներն ըմբռնեն, որ նաեւ իրենց ձեռքերում է համաշխարհային խնդիրները լուծելու բանալիներից մեկը։


XS
SM
MD
LG