Մատչելի հղումներ

Հայազգի բժիշկը՝ Սիրիայում իրավիճակի շուրջ


Սիրիայում ռուսական օդուժի ռմբակոծումների արդյունքում ոչնչացվել է «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության՝ Իդլիբում գտնվող հիվանդանոցը, հայտարարել է կազմակերպության նախագահ, ֆրանսահայ Մկրտիչ Թերզյանը:

«Այս հարձակման հեղինակը միանշանակ սիրիամետ դաշինքն է՝ կամ կառավարական կամ՝ ռուսական օդանավերը: Ցավոք, սա առաջին անգամը չէ: Հունվարից Սիրիայի տարածքում ռմբակոծվել է իմ կազմակերպության բժշկական հինգ կենտրոն», - ասել է նա:

Թերզյանի խոսքով, հիվանդանոցի վրա արձակված չորս հրթիռները ամբողջովին ոչնչացրել են հիվանդանոցը: Նրա խոսքով, սխալ լինել չէր կարող. հիվանդանոցի վրա հրթիռներն արձակվել են գիտակցված:

«Մեր տվյալներով, զոհվել է առնվազն յոթ մարդ՝ անձնակազմի անդամներ եւ հիվանդներ: «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության եւս ութ աշխատակից հայտարարվել են անհետ կորած», - նշում է Թերզյանը:

«Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության տվյալներով, Իդլիբում հիվանդանոցի ռմբակոծման արդյունքում առանց բժշկական օգնության է մնացել շրջակայքում բնակվող ավելի քան 40,000 մարդ:

«Այսօր Սիրիայի ընդդիմության հսկողության տակ գտնվող շրջաններում բժիշկ լինելը իշխանությունների կողմից դիտարկվում է որպես հանցագործություն», - ասում է Թերզյանը:

Ստեղծված իրավիճակում Միացյալ Նահանգները շարունակում է Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատմանն ու մարդասիրական աղետից խուսափելուն ուղղված ջանքերը: Այսպես, ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենը Սիրիայի հյուսիսային շրջաններում ծանր իրավիճակի կարգավորման ուղիներն է վերջերս քննարկել Թուրքիայի վարչապետի հետ հեռախոսազրույցում: Բայդենը կոչ է արել թուրքական կողմին դադարեցնել Սիրիայի քրդերի դիրքերի ռմբակոծումները եւ շարունակել միասնական պայքարը Դաեշի ահաբեկիչների դեմ:

XS
SM
MD
LG