Միացյալ Նահանգներում 2016 թվականի նախագահական ընտրապայքարը շարունակում է անակնկալներ մատուցել: Այովա և Նյու Հեմփշիր նահանգներում հարցումների արդյունքում հաղթողների և պարտվողների զանազանություն է նկատվել: Դեմոկրատական կուսակցության թեկնածու Բեռնի Սենդերսը Նյու Հեմփշիրում հավաքել է ձայների մեծամասնություն, հետևում թողնելով առաջատար հանդիսացող Հիլարի Քլինթոնին:
Իսկ Հանրապետական կուսակցության առաջատար թեկնածու Դոնալդ Թրամփն էլ նոր մրցակից է ձեռք բերել՝ հանձինս Օհայոյի նահանգապետ Ջոշ Քասիքի:
Ընտրապայքարի հետ մեկտեղ խորանում են նաև ԱՄՆ-ի ներկա նախագահ Բարաք Օբամայի առաքելությունը շարունակելու մասին տարաձայնությունները:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին ընդառաջ Ամերիկայի հայկական կազմակերպությունները նույնպես անդրադառնում են Բարաք Օբամայի առաքելությանն ու նախագահի թեկնածուներին:
Եղիսաբեթ Չուլջյանը ասում է,- «Նախընտրական իր արշավի ընթացքում նախագահ Օբաման մեծ խոստումներ տվեց ամերիկահայ գաղութին: Խոստումներ, որ որպես ԱՄՆ-ի նախագահ ինքը պետք է ճանաչեր հայոց ցեղասպանությունը, խոստումներ, որ պետք է ընդլայներ ԱՄՆ-ի օժանդակությունը դեպի Հայաստան, որ պետք է պաշտպաներ Արցախի ազատ անկախ վիճակը»:
Ամերիկայի հայ դատի հանձնախմբի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Եղիսաբեթ Չուլջյանը հույս է հայտնում, որ իր նախագահության շրջանում Օբաման ևս մեկ հնարավորություն ունի Հայոց ցեղասպանության առումով իր խոստումը կատարելու հարցում, և հայտնում է Ամերիկայի հայ դատի հանձնախմբի դիրքորոշումը ներկա ընտրություններում:
Նա ասում է,- «Հիմա ժամանակն է նախագահի թեկնածուներին հարցադրումներ տալ, նրանց պատասխանները լսել հայկական կարևոր հարցերի շուրջ: Նաև անհրաժեշտ է մասնակցություն ցուցաբերել ամերիկյան ընտրապայքարի ընթացքին»:
Ամերիկայի հայկական համագումարը գործադիր տնօրեն Բրայըն Արդունին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նույնպես անդրադառնում է այս թեմային:
Բրայըն Արդունին ասում է,- «Երբ նայում ենք, թե Բարաք Օբամայի առաքելությունը և Միացյալ Նահանգները ինչ դեր ունեն աշխարհում մարդու իրավունքների հարցում, մենք ջանում ենք, որ նախագահը Ցեղասպանության վերաբերյալ ընտրարշավի ժամանակ տված խոստումը պահի»:
Ինչ վերաբերում է 2016 թվականի նախագահական ընտրություններին, Բրայըն Արդունին նույնպես ընդգծում է հայերին հուզող թեմաները բարձրաձայնելու հարցը:
Նա սում է,- «Հարկավոր է նայել թեկնածուների` հայերին հուզող հարցերի շուրջ նախկին գործողություններին: Ոմանք նախկինում անդրադարձել են մեզ հուզող թեմաներին, սակայն մի քանիսն էլ ընդհանրապես չեն շոշափել Ցեղասպանության, Հայաստանի ֆինանսավորման, Ղարաբաղի ֆինանսավորման, Ադրբեջանի կողմից սահմանը խախտելու թեմաները: Կարծում եմ, հարկավոր է, որ Ամերիկայի հայ ընտրողները բարձրաձայնեն իրենց կարծիքը և հասկանալի դարձնեն մեր խնդիրները»:
Հիշեցնենք նաև, որ Նյու Հեմփշիրի նախնական ընտրությունների արդյունքները ստիպեցին նախագահի թեկնածուներ Քրիս Քրիսթիին և Քարլի Ֆիորինային դուրս գալ ընտրապայքարից: