Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում համոզված են՝ քաղցկեղի լիակատար բուժումն իրական է մոտ ապագայում


Միացյալ Նահանգներում մտադիր են մոտ ապագայում քաղցկեղի լիակատար բուժում մշակել:
Միացյալ Նահանգներում մտադիր են մոտ ապագայում քաղցկեղի լիակատար բուժում մշակել:

Քաղցկեղի դեմ պայքարի համաշխարհային օրն այս տարի Միացյալ Նահանգների համար ունի հատուկ խորհուրդ:

«Հանուն մեր սիրելիների, որոնց մենք կորցրել ենք, հանուն ընտանիքների, որոնք մենք դեռ կարող ենք փրկել, եկեք դարձնենք Ամերիկան այն երկիրը, որը մեկընդմիշտ կբուժի քաղցկեղը».

Նախագահ Օբամայի խոսքերն ապրելու հույս տվեցին քաղցկեղով տառապող միլիոնավոր մարդկանց, այդ թվում եւ՝ Հայաստանում: ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ միասին, Հայաստանը նույնպես գտնվում է քաղցկեղի հիվանդությունների բարձր աստիճան ունեցող երկրների թվում:

«Յուրաքանչյուր տարի քաղցկեղից մահանում է 8 միլիոնից ավելի մարդ», - ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի Գլոբալ առողջության կենտրոնի փոխտնօրեն Լիզա Սթիվենսի խոսքով, քաղցկեղը խլում է ավելի շատ մարդու կյանք, քան ՄԻԱՎ-ը, մալարիան ու թոքախտը միասին:

Մինչեւ վերջերս քաղցկեղի բուժման հիմնական եղանակներն էին վիրահատությունն ու քիմիատերապիան. Այդ երկուսն էլ բացասաբար են անդրադառնում հիվանդի կյանքի որակի վրա, երկուսն էլ ծանր հետեւանքներով են հղի: Սակայն, կան նաեւ բուժման այլ եղանակներ, որոնց վրա եւ կենտրոնանալու է նախագահ Օբամայի եւ փոխնախագահ Բայդենի նախագիծը:

«Մենք խոսում ենք յուրաքանչյուրի նկատմամբ անհատական մոտեցման մասին եւ հենց այդ ուռուցքից կազդուրման անհատականացված եղանակի եւ դեղամիջոցների մշակման մասին», - պատմում է Սթիվենսը:

Հեռանկարային մեկ այլ ոլորտ է իմունաթերապիան. Բուժում, որի ընթացքում մասնագետներն օգնում են մարդու սեփական իմունային համակարգին օրգանիզմից դուրս շպրտել քաղցկեղածին բջիջները:

«Իմունային համակարգը միանշանակ «տեսնում» է քաղցկեղի բջիջները եւ գիտակցում, որ դրանք նորմալ բջիջներ չեն: Մեզ անհրաժեշտ է սանձազերծել իմունային համակարգը, թույլ տալ, որպեսզի այն ինքը ոչնչացնի քաղցկեղի բջիջները», - ասում է Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետ Ուիլյամ Նելսոնը:

ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի ներկայացուցչի խոսքով, արդեն այսօր Միացյալ Նահանգներում գիտությունը շատ մոտ է գտնվում որոշ տեսակի քաղցկեղների բուժմանը: Ինչ վերաբերում է մի քանի տարվա ընթացքում քաղցկեղը լիակատար բուժման նախաձեռնությանը.

«Եթե խոսքը գնում է քաղցկեղի բոլոր տեսակների բուժմանը, ապա երեքից հինգ տարի ժամանակահատվածը բավականին խիզախ է հնչում, սակայն, կարծում եմ, մենք պետք է լինենք խիզախ»:

Անդրադառնալով քաղցկեղի կանխարգելմանը՝ Լիզա Սթիվենսը խորհուրդ տվեց օգտագործել բուսական սնունդ եւ հետեւել քաշին, սակայն եթե ցանկանում եք խուսափել քաղցկեղից, գլխավոր օրենքը մեկն է.

«Ծխախոտ մի՛ օգտագործեք: Հենց սա է քաղցկեղը եւ մի շարք այլ հիվանդություններ կանխարգելող հիմնական կանոնը: Եթե չեք ծխում, մի՛ սկսեք, եթե ծխում եք՝ փորձեք դադարեցնել»:

XS
SM
MD
LG