Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախնական ընտրությունների արդյունքները Այովայում ցնցեցին շատերին


Այովայի նախնական ընտրությունների արդյունքները շատերի համար անսպասելի էին, սակայն, վերլուծաբանները համոզված են:

Միացյալ Նահանգների նախագահի նախընտրական պայքարը պաշտոնապես բացվեց: Երկուշաբթի Այովա նահանգում տեղի ունեցան առաջին նախնական ընտրությունները: Արդյունքները ոմանց համար սպասելի, իսկ ոմանց համար՝ ցնցող էին:

Հանրապետականների շրջանում հաղթանակ տարավ Թեքսասի սենատոր Թեդ Քրուզը, որը հաղթեց մեծահարուստ գործարար եւ սկանդալային թեկնածու Դոնալդ Թրամփին: Դեմոկրատների շրջանում հաղթանակ տարավ Հիլարի Քլինթոնը՝ ոգեւորելով իր կողմնակիցներին եւ զայրացնելով երկրորդ տեղը գրաված Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսի կողմնակիցներին:

Քրուզին հաղթանակը միանշանակ ներշնչել էր զգացական հայտարարություններ անել.

«Այովա նահանգով մեկ, ամբողջ երկրով մեկ մարդիկ արթնանում են եւ ես այստեղ եմ, որպեսզի ասեմ ձեզ՝ օգնությունը ճանապարհին է»:

Իր ելույթում Քլինթոնը հիշեցրել է, որ նախագահը նաեւ գերագույն հրամանատար է եւ հենց ինքն ունի բարդ որոշումներ կայացնելու լավագույն փորձը.

«Ես գիտեմ, որքան բարդ ընտրություններ պետք է կատարի նախագահը: Հեշտ որոշումները նախագահի սեղանին չեն հասնում եւ փակ խորհրդակցություններում չեն բարձրացվում, իսկ ես մասնակցել եմ նման խորհրդակցությունների»:

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններն անցնում են երկու փուլով: Սկզբում Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունների թեկնածուները մրցում են ոչ թե միմյանց դեմ, այլ՝ սեփական կուսակցությունների ներսում: Հենց դա է թույլ տալիս ընտրել յուրաքանչյուր կուսակցության լավագույն ներկայացուցչին, որն էլ այնուհետեւ մրցում է նախագահի պաշտոնի համար հակառակ կուսակցության լավագույն թեկնածուի հետ: Նախագահական ընտրություններին անշուշտ կարող են մասնակցել նաեւ անկախ թեկնածուներ, սակայն, նրանց հաղթանակի հնարավորությունները չնչին են:

Վերլուծաբանների խոսքով, Այովայի նախնական ընտրությունների արդյունքները դեռեւս չեն արտացոլում Միացյալ Նահանգների մյուս նահանգների տրամադրությունները: Այսպես, Հանրապետական կուսակցության հաղթանակող թեկնածուի ընտրությունը մեծապես պայմանավորված է հանրապետականների թվում ամենամեծ աջակցությունը վայելող Դոնալ Թրամփի կողմնակիցների պահվածքից.

«Խնդիրն այն է, թե արդյոք հնարավոր է հույսը դնել նրա վրա, որ քաղաքական գործընթացներում երբեք չմասնակցած մարդիկ կգան ընտրությունների», - ասում է հանրապետական ստրատեգ Մեթ Սթրոունը:

Նույնքան հարցական է Դեմոկրատական կուսակցության թեկնածուն: Վերլուծաբանների խոսքով, Սենդերսի կողմնակիցներին պակասում է Քլինթոնի կողմնակիցների կազմակերպվածությունը.

«Սենդերսի կողմնակիցները խանդավառությամբ են տրամադրված, սակայն, հարցն այն է, թե նրանք որքան լավ են կազմակերպված, եւ արդյոք նրանք, հատկապես, երիտասարդները, կգան քվեարկելու», - ասում է Դրեյք Համալսարանի վերլուծաբան Դեննիս Գոլդֆորդը:

Հաջորդ նախնական ընտրությունները տեղի կունենան արդեն փետրվարի 9-ին Նյու Հեմփշիրում: Այնուհետեւ՝ Նեվադայում եւ Հարավային Քարոլինայում, իսկ մարտի մեկը սուպեր երեքշաբթին է, երբ նախնական ընտրություններ են նախատեսվում միանգամից մի քանի նահանգներում: Հավանաբար հենց մարտի 1-ից հետո կպարզվի, թե ով է ներկայացնելու Հանրապետական եւ Դեմոկրատական կուսակցությունները ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում, որոնք տեղի են ունենալու նոյեմբերի 8-ին:

XS
SM
MD
LG