Մատչելի հղումներ

Քորթնի Շեգերյանը ծպտվել է, բանտից նախկին ամուսնու փախուստից հետո


Քորթնի Շեգերյանը ծպտվել է, բանտից նախկին ամուսնու փախուստից հետո

Կալիֆորնիայի բանտերից մեկից գրեթե մեկ շաբաթ առաջ փախուստի դիմած խիստ վտանգավոր հանցագործներից մեկի նախկին կինը՝ Ֆրեզնոյում Էլեկտրոնիակայի-վերամշակման ընկերության նախագահ և մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների համասեփականատեր, ծագումով հայ Ջոն Շեգերյանի դուստրն է:

Կալիֆորնիա նահանգի պետական մարմինները հունվարի 22-ին հայտարարեցին Օրինջի մարզի բանտից ծայրաստիճան վտանգավոր երեք բանտարկյալների փախուստի մասին՝ սահմանելով 50 հազար դոլարի պարգևատրում՝ նրանց վերաբերյալ որևէ տեղեկություն հայտնելու դիմաց:

California Inmates
California Inmates

Ուրբաթ առավոտյան բանտարկյալներ Ջոնաթան Թիուն, Բաք Դուոնգը և Հուսեին Նայերին դուրս էին եկել բանտախցի պատի մեջ փորած անցքով, սողալով անցել էին կոյուղու նեղ թունելի միջով, այնուհետև մի քանի շերտ մետաղ կտրատելուց հետո հայտնվել էին բանտի տանիքին, այնտեղից էլ սպիտակեղենի սավանները միմյանց կապելով, չորս հարկ ցած էին իջել:

Պետական մարմինները անմիջապես ենթադրել էին, որ փախուստի հեղինակը 37ամյա, Իրանում ծնված, ապա՝ ԱՄՆ տեղափոխված նախկին ծովային Հուսեին Նայերին էր:

«Լոս Անջելես Թայմս» օրաթերթը տեղեկացնում է, որ Նայերիի փախուստը խուճապի է մատնել նրա նախկին կնոջը՝ 29 ամյա Քորթնի Շեգերյանին: Նա իր կյանքի համար վախենալով՝ անմիջապես փախուստի է դիմել և նույնիսկ ներկայացել կեղծ անվան տակ: Քորթնի Շեգերյանը Ֆրեզնոյում Էլեկտրոնիակայի-վերամշակման ընկերության նախագահ և մի շարք այլ խոշոր ձեռնարկությունների համասեփականատեր, ծագումով հայ Ջոն Շեգերյանի դուստրն է:

Մարդավորսի ընթացքում պետական մարմինները համոզված են եղել, որ եթե Նայերին դեռևս Կալիֆորնիայում էր, ապա դա միայն Շեգերյանին գտնելու և սպանելու համար էր: Նրա փաստաբաններն ու դատախազի գրասենյակը լրատվամիջոցներին հորդորում էին Քորթնիի անունը չշոշափել, որպեսզի դա նախկին ամուսնուն ավելի չգրգռեր:

Բանն այն է, որ Քորթնի Շեգերյանը մեծ դեր է ունեցել 2013 թվականի նոյեմբերին Նայերիի ձերբակալության մեջ:

«Լոս Անջելես Թայմս»-ը տեղեկացնում է, որ Քորթնին քննիչներին խոստովանել էր, որ ամուսնուն օգնել էր հետևել Նյուփորթի ծովափի դեղագործական ընկերության տիրոջը չիմանալով, որ ամուսինը պատրաստվում էր վերջինիս առևանգել գումար հափշտակելու նպատակով: Այնուհետև Նայերին ընկերոջ հետ Նյուփորթի ծովափի դեղագործական ընկերության տիրոջը և նրա տանը բնակվող կնոջը առևանգել էին և դաժանորեն խոշտանգել (նույնիսկ կարել նրա արնանդամը): Լինելով ձերբակալման վտանգի տակ՝ Քորթնի Շեգերյանը համաձայնել էր Հետաքննությունների դաշնային բյուրոյի հետաքննիչներին օգնել ամուսնուն ձերբակալելու գործում:

2012 թվականի հոկտեմբերին Նյուփորթի ծովափի պատահարից հետո, երբ քննիչները փորձել էին գտնել Հուսեին Նայերիին, պարզել էին, որ նա փախել էր Իրան: Միացյալ Նահանգները Իրանի հետ արտահանձնման կապեր չունենալու պատճառով դիմել էր Շեգերյանի օգնությանը, որը 7 ամիս տևած աշխատանքների շնորհիվ Նայերիին խորամանկությամբ համոզել էր, որ վերջինս իրեն հանդիպեր Իսպանիայում: ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյի աշխատակիցները Նայերիին ձերբակալել էին 2013 թվականի նոյեմբերին, երբ նա դեպի Իսպանիա մեկնող չվերթի ժամանակ կանգ էր առել Չեխիայի Հանրապետությունում:

Շեգերյանն ու Նայերին ամուսնացել էին 2010 թվականին և ապրում էին Իրվինում: Նրանց ամուսնությունը չեղյալ է հայտարարվել 2015 թվականին Լոս Անջելեսի դատավորի կողմից, քանի որ պարզվել է, որ Նայերին իր նախկին կնոջից օրինականապես բաժանված չի եղել, նախքան Քորթնիի հետ ամուսնանալը:

Հուսեին Նայերիին և Ջոնաթան Թիուին ձերբակալել են կիրակի օրը, այն բանից հետո, երբ անցորդներից մեկը ճանաչել է նրանց և զանգահարել ոստիկանություն:

Նրանց երրորդ հանցակիցը՝ Բաք Դուոնգն էլ դրանից 24 ժամ առաջ հանձնվել էր ոստիկանությանը:

Nooshafarian Ravaghi
Nooshafarian Ravaghi

Օրինջի մարզի ոստիկանական բաժնի լեյտենանտ Ջեֆֆ Հալլոքը տեղեկացրել է, որ փախուստի դիմած բանտարկյալներին օգնելու կասկածանքով ձերբակալվել է բանտի անգլերենի ուսուցչուհի 44ամյա, Իրանում ծնված Ռավահի Նուշաֆարիանը: Ենթադրվում է, որ Նուշաֆարիանի դասերին մասնակցելով, Նայերին մտերմացել է նրա հետ և փախուստի ծրագիրը կազմելիս, նրանից քարտեզային տեղեկություն ստացել:

Լեյտենանտը տեղեկացրել է , որ այս գործով ձերբակալվել են նաև 9 այլ կասկածյալներ:

Քորթնի Շեգերյանը ծպտվել է, բանտից նախկին ամուսնու փախուստից հետո
please wait

No media source currently available

0:00 0:02:38 0:00

XS
SM
MD
LG