Մատչելի հղումներ

Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական


Հայազգի դիվանագետ Մովսես Աբելյանը նշանակվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական՝ վեհաժողովի եւ խորհրդակցությունների գծով, հաղորդում է ՄԱԿ-ում «Ամերիկայի Ձայն»-ի թղթակիցը:

Աբելյանն ունի խաղաղության պահպանման եւ հակամարտությունների կարգավորման, ինչպես նաեւ բանակցությունների կազմակերպման եւ բազմակողմանի ծրագրերի իրականացման ոլորտներում ավելի քան 25 տարվա դիվանագիտական փորձառություն:

Մովսես Աբելյանն անցյալում զբաղեցրել է ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչի պաշտոնը:

Մովսես Աբելյանը կրթություն է ստացել Հայաստանում, Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում:

1989-ից Աբելյանը Երեւանի Պետական Համալսարանում է դասավանդել, իսկ 1992-ին` աշխատանքի անցել անկախ Հայաստանի Արտաքին գործերի նախարարության համակարգում: 1996-ից Մովսես Աբելյանը հանդիսացել է ՄԱԿ-ում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչի տեղակալ, իսկ 1998-ից մինչեւ 2003 թվականը՝ Հայաստանի մշտական ներկայացուցիչը: 2003-ից ի վեր տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՄԱԿ-ի համակարգում:

Մովսես Աբելյանն ամուսնացած է, ունի երկու երեխա:

XS
SM
MD
LG