Մատչելի հղումներ

Կիբեր (համակարգչային) հարձակումները մեծ վտանգ են ամբողջ աշխարհի համար


Կիբեր` համակարգչային հանցագործություններն այսօր հենված են մեծ փորձի վրա: Այդ հանցագործություններն իրականացնողներն ավելի հանդուգն են ու ճկուն: Այս մասին ասված է ամերիկյան Cisco համակարգչային ընկերության զեկույցում, որը վեր է հանում նման հարձակումներից պաշտպանվելու բիզնես աշխարհի կողմից թույլ տրված սխալներն ու բացթողումները:

Մեկ տարվա ընթացքում, ըստ զեկույցի, գրանցվել է անվտանգության ենթակառույցների նորացման 1Օ տոկոսի անկում: Ստուգման է ենթարկվել 115 հազար սարք, որոնցից 92 տոկոսի կողմից կիրառվող համակարգչային ծրագրերն այսօր որակվում են որպես խոցելի ծրագրեր:

Ինչպես Cisco ընկերության գլխավոր ճարտարագետ Ջեյսըն Բրվենիկն է Սկայպի միջոցով ասում “Ամերիկայի Ձայն”-ին, կիբեր հարձակումներ իրականացնողներն այսօր իրենց հարձակումները կարող են իրականացնել ընդդեմ յուրաքանչյուրի:

“Մինչեւ կիբեր հարձակումների դիմելը, նրանք նախ պարզում են, թե որտեղ կարող են իրականացնել հարձակումները”, ասում է նա:

Նրա խոսքերով, նման հարձակումներից պաշտպանվելու ու հարձակումների փորձերը նախապես կանխատեսելու համար ներկայումս պահանջվում է 1ՕՕ-ից 2ՕՕ օր: “Սակայն ավելի զարգացած տեխնոլոգիական միջոցները թույլ են տալիս այդ գործն անել մի քանի ժամերի ընթացքում”:

Կիբեր հարձակումների դեմ պայքարը բացել է մի նոր հսկայական աշխատանքային շուկա, որը “Ֆորբս” ամսագրի տվյալներով, 2Օ15 թվականի 75 միլիարդից մինչեւ 2Օ2Օ թվականը կհասնի 17Օ միլիարդ դոլարի:

Աշխարհի մասշտաբով աշխատատեղերի որոնման ինտերնետային “Ինդիիդ” ընկերության գլխավոր էկոնոմիստ Թարա Սինքլերի խոսեքերով. “Ելնելով անվտանգության պահանջներից` ձեռնարկություններն այսօր ավելի ու ավելի շատ են զգում կիբերանվտանգության հարցերով մասնագետների կարիք”:

Չէ որ, ասում է նա, յուրաքանչյուր ընկերության ու հաստատության շահերից է բխում իրենց աշխատավորների ու նրանց սեփականության անվտանգությունը:

Cisco ընկերության հաշվարկներով, կիբեր անվտանգություն երաշխավորելու համար դեռեւս մեկ միլիոն աշխատատեղ թափուր է մնում ամբողջ աշխարհում: Ըստ նույն հաշվարկի, մինչեւ 2Օ19 թվականն այս բնագավառում աշխատանքի կանցնի եւս մեկ եւ կես միլիոն մասնագետ:

XS
SM
MD
LG