Մատչելի հղումներ

Այովայի ընտրաժողովները նախագահի տեղի հավակնորդների առաջին քննությունն են դառնալու


ԱՄՆ-ի նախագահական ընտրարշավի այս փուլում հանրապետականների շարքում դեռեւս առաջին տեղում է Դոնալդ Թրամփը, չնայած իր վիճահարույց մի շարք հայտարարություններին, վիրավորական մեկնաբանություններին ու ինչպես շատերն են ասում, ներկա ու արտաքին քաղաքականության մասին սահմանափակ գիտելիքներին: Ու այսքան ժամանակ առաջին տեղում մնալու հանգամանքը իրեն իսկ փոխանցել է արդեն անշրջելիորեն առաջինը լինելու համոզմունքը: Այս մասին է վկայում նրա հետեւյալ հայտարարությունը. “Եթե այսօր ես կանգնեի Նյու Յորքի Հինգերորդ պողոտայում ու կրակեի ինչ որ մեկի, միեւնույնն է, որեւէ քվեարկողի ձայն չէի կորցնելու”:

Ժողովրդականություն վայելելու գործոններից մեկը անօրիանական փախստականների նկատմամբ նրա կարծր կեցվածքն է. “Տնտեսկան նման պայմաններում մենք չենք կարող թույլ տալ, որ մեր աշխատատեղերը փոխանցվեն նրանց, ովքեր չեն ուզում այստեղ մուտք գործել օրինական եղանակով”:

Սակայն չնայած իր երբեմն չափից մեծ վստահությանն ու հպարտությանը, Թրամփն ընդունում է, որ հաղթելու համար կարեւոր պայման են Այովայի ընտրաժողովները: “Ես իրապես ուզում եմ հաղթել Այովայում”, ասել է Թրամփն իր աջակիցներին:

Թրամփին տասը տոկոսի տարբերությամբ զիջում է Թեքսասը ներկայացնող սենատոր Թեդ Քրուզը, որը սակայն հույս ունի առաջին հաղթանակը գրանցել Այովայում:

Դեմոկրատների թեկնածուներից ամենալարված ու գրեթե հավասար ուժերի պայքար է գնում Հիլարի Քլինթընի ու Բերնի Սենդերսի միջեւ: Վերջինս մեծ աջակցություն է վայելում հատկապես երիտասարդների շրջանում, ովքեր սովորաբար չեն սիրում շատ խոսել քաղաքականության մասին:

“Երիտասարդներն ուզում են, որ այս երկիրը շարժվի ճիշտ ուղղությամբ”, հայտարարում է Սենդերսը ու ավելացնում, որ “երիտասարդները ուզում են մաս կազմել քաղաքական այս հեղափոխությանը”:

Սենդերսը դատապարտում է ԱՄՆ-ում մարդկանց եկամուտների միջեւ ավելի աճող անհավասարությունը եւ քաղաքականության վրա ֆինանսական կարողությունների ազդեցության փաստը:

“Հիլարի Քլինթընը դեմոկրատ է, սակայն նա նույնպես ինչ որ խաղ է խաղում: Նրան ֆինանսավորում են մասնավոր ընկերություններ, ինչը անհարիր է այս պարագայում”:

Այլ հաղորդագրությունների համաձայն, Նյու Յորքի նախկին քաղաքապետ Մայքըլ Բլումբերգը կարող է շուտով մտնել ընտրապայքարի մեջ, եթե նկատի, որ Սենդերսն այս արշավում վտանգում է Քլինթընին: Աշխարհի ամենահարուստ մարտդկանցից մեկը համարվող միլիարդատեր Բլումբերգն ասում է, թե միայն ինքը կֆինանսավորի իր ընտրապայքարը ու ընտրություններին կմասնակցի որպես անկախ թեկնածու:

XS
SM
MD
LG