ԱՄՆ-ի Կոնգրեսի վերին պալատը` Սենատը այս շաբաթվա ընթացքում քննարկելու է երկրի էներգետիկայի բաժինը բարեփոխելու մասին բանաձեւը: Քաղաքական գործիչներից շատերի խոսքերով, այստեղ արդեն տեղի է ունեցել էներգետիկ հեղափոխություն: Այս մասին է հայտարարում օրինակ Սենատի էներգետիկ հարցերով հանձնաժողովի նախագահ Լիսա Մուրկովսկին:
Նրա խոսքերով, “Ամերիկան շուտով ավելի մեծ ծավալներով էներգիա կարտադրի: Ամերիկացնիներն ավելի քիչ կվճարեն էներգիայի դիմաց: Մենք համաձայնել ենք զարկ տալ հեղուկ գազի արտահանումներին, ինչը մեծապես կնպաստի մեր տնտեսությանը ու մեր դաշնակիցների անվտանգությանը: Համաձայնել ենք զարկ տալ հիդրո եւ ջերմաերկրային, ինչպես նաեւ մաքուր ու վերարտադրվող էներգիայի մյուս աղբյուրներին”:
Սենատում ներկայացված այս բանաձեւը փորձում է նաեւ գոհացնել այն օրենսդիրներին, ովքեր առավել կարեւոր են համարում հանածո վառելիքի արդյունաբերությունը:
Բանաձեւը միեւնույն ժամանակ փորձում է ստանալ կլիմայական փոփոխություններով մտահոգ օրենսդիրների աջակցությունը: Նրանցից է սենատոր Շելդոն Ուայթհաուսը, որը հիշեցնում է, որ 2Օ15թվականը երկրագնդի վրա գրանցված ամենատաք տարին է եղել:
Ինչպես ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման է ասում. “Մենք արտասահմանյան երկրներից ներկրվող նավթի ծավալները կրճատել ենք 6Օ տոկոսով, իսկ ածխածնային աղտոտման ծավալների կրճատման հարցում աշխարհի եւ ոչ մի երկիր չի կարող մրցել մեզ հետ”:
Կլիմայական փոփոխությունների մասին համաշխարհային համաձայնագիրը ստորագրելով` ԱՄՆ-ը, ինչպես Օբաման է ասում, փորձում է ապագան կառուցել մաքուր էներգիայի ճանապարհով: Նրա խոսքերով, մեր երեխաներին ու թոռներին պարտավոր ենք փոխանցել մաքուր ու վստահելի մոլորակ:
Կոնգրեսում հանրապետականներից շատերն են ասում, թե Օբաման, անտեսելով Կոնգրեսը, փորձում է միակողմանի կերպով վերակազմել երկրի էներգետիկ քաղաքականությունը:
Եվ դեռ հարց է, թե նման հանգամանքներում ինչպես կկարողանա օրենքի բանաձեւն անցնել Սենատում, եւ թե կկարողանա արդյոք այն անցնել Կոնգրեսում ու ստանալ նախագահի ստորագրությունը, թե ոչ: