Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում մահմեդական մեծամասնություն ունեցող քաղաք կա


ԱՄՆ-ի Համթրամիք քաղաքը Միացյալ Նահանգների առաջին քաղաքն է, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են:
ԱՄՆ-ի Համթրամիք քաղաքը Միացյալ Նահանգների առաջին քաղաքն է, որի բնակչության մեծամասնությունը մահմեդականներ են:

Դեթրոյթի հարեւանությամբ գտնվող Համթրամիք քաղաքը հիմնադրվել է շուրջ մեկ դար առաջ՝ լեհ գաղթականների կողմից: Այսօր Համթրամիքը 22 հազար բնակչություն ունեցող փոքր քաղաք է, որը սակայն հայտնի դարձավ ամբողջ աշխարհով մեկ: Բանն այն է, որ Համթրամիքն ԱՄՆ-ի առաջին քաղաքն է, որի բնակչության եւ քաղաքային խորհրդի մեծամասնությունըմահմեդականներ են:

«Մենք բոլորից տարբերվում ենք, քանի որ մեր խորհրդի մեծամասնությունը մահմեդականներ են», - ասում է Համթրամիքի քաղաքային խորհրդի անդամ Օսամա Սիբլանին:

Օսամա Սիբլանիի խոսքով, Համթրամիքի գործոնը հատկապես խորհրդանշական է Հանրապետական կուսակցության նախագահական պաշտոնի հավակնորդ Դոնալդ Թրամփի հայտարարություններից հետո, ով կոչ էր արել արգելել մահմեդականների մուտքը Միացյալ Նահանգներ:

«Համթրամիքի բնակչության 27 տոկոսը եմենցի են, 22 տոկոսը բենգալացի, 11 տոկոսը բոսնիացի: Նրանք բոլորը մահմեդական են, ընդհանուր առմամբ՝ 65 տոկոսը մահմեդական են», - ասում է Համթրամիքի քաղաքային խորհրդի անդամ Սաադ Ալմասմարին:

Համթրամիքի քաղաքապետը՝ Քարեն Մաջեվսկին լեհ է: Քաղաքի հիմնադիրների թվում են նաեւ նրան նախորդած քաղաքապետերը: Մաջեւսկիի խոսքով, միջազգային ուշադրությունը բավականին անսպասելի է եղել քաղաքի բնակիչների համար.

«Մենք սովոր ենք էթնիկական բազմազանությանը մեր քաղաքում եւ միշտ ողջունել ենք նորեկներին», - ասում է նա:

Քաղաքային խորհրդի մահմեդական անդամները սակայն ընդգծում են, որ իրենց կրոնն անձնական հարց է եւ այն որեւէ կերպ չի ազդելու աշխատանքի վրա:

«Աշխատանքում կրոնի գործոնը չի զգացվելու: Քաղաքային խորհրդում ես առաջին հերթին ամերիկացի եմ եւ դրանից հետո միայն՝ մահմեդական», - ասում է Սաադ Ալմասմարին:

Նորընտիր անդամներն իրենց առջեւ ծառացած բազմաթիվ խնդիրներ ունեն. Համթրամիքը Միչիգան նահանգի ամենաաղքատ քաղաքներից մեկն է:

XS
SM
MD
LG