Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում մեծանում է սոցիալական ցանցերի դերը


Սոցիալական ցանցերն այսօր թույլ են տալիս քաղաքական գործիչներին ուղղակիորեն շփվել ընտրողների հետ անձնական մակարդակով:
Սոցիալական ցանցերն այսօր թույլ են տալիս քաղաքական գործիչներին ուղղակիորեն շփվել ընտրողների հետ անձնական մակարդակով:

ԱՄՆ-ի նախագահական պաշտոնի հավակնորդ Թեդ Քրուզի նախընտրական շտաբն աջակիցներ ձեռք բերելու նոր ոճի է անցել: CruzCrew հավելվածը քաղաքացիներին միավորներ է պարգեւում՝ թեկնածուին Ֆեյսբուքով կամ Թվիթերով աջակցելու կամ նախընտրական շտաբի հայտարարությունները տարածելու դեպքում:

«Մենք հնարավորություն ենք ստանում մեր հայտարարություններն ուղիղ, չխմբագրված տեսքով ընտրողներին հասցնելու», - ասում է Թեդ Քրուզի շտաբի հետազոտությունների եւ վերլուծությունների պատասխանատու Քրիս Ուիլսոնը:

Միեւնույն ժամանակ, սոցիալական ցանցերի միջոցով թեկնածուները փորձում են ոչ միայն կապվել կողմնակիցների հետ, այլեւ՝ համոզել տատանվող ընտրողներին, պատմում է Քրուզի շտաբի սոցիալական ցանցերի պատասխանատու Ջոշ Փերրին: Արդյունքում՝ Թեդ Քրուզն ինտերնետում ամենամեծ աջակցությունն ունեցող նախագահական հանրապետական թեկնածուն է, հատկապես՝ երիտասարդների շրջանում: Քրուզի օրինակին հետեւում են մյուսները:

«Դոնալդ Թրամփը Թվիթերով օգտվել է սովորում, Բեն Քարսոնն արդեն օգտագործում է Ֆեյսբուքը, իսկ Հիլարի Քլինթոնն ու Բերնի Սենդերսը էլեկտրոնային նամակներ են ուղարկում», - պատմում է Ջորջ Վաշինգտոնի համալսարանի մասնագետ Մայքըլ Քորնֆիլդը:

Դեմոկրատական թեկնածու Բերնի Սենդերսի կողմնակից Բեն Սփիլբերգը կամավոր կերպով Թվիթերում եւ բլոգերում քննարկումներ է նախաձեռնում Սենդերսի վերաբերյալ:

«Ի տարբերություն ավանդական մամուլի, ինտերնետում յուրաքանչյուրն ունի ձայնը լսելի դարձնելու հավասար հնարավորություններ», - նշում է Սփիլբերգը:

Վերլուծաբանների կարծիքով, այս ընտրություններում սոցիալական ցանցերը կարող են զգալի դեր խաղալ:

XS
SM
MD
LG