Մատչելի հղումներ

Իրանի տնտեսությունն արագ կաճի, իսկ նավթի համաշխարհային գներն ավելի անկում կապրեն


Կիրակնօրյա իր ելույթի ժամանակ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հայտարարեց, որ արդարացված էր Իրանի հետ ամեն կերպ դիվանագիտական միջոցներով խնդիրներն ու տարաձայնությունները լուծելու իր քաղաքականությունը, որի շնորհիվ, ասաց նա, Թեհրանի հետ կնքվեց միջուկային գործարքը եւ որի շնորհիվ Իրանն ազատ արձակեց մի քանի տարի գերության մեջ անօրինական կերպով պահվող ԱՄՆ-ի 5 քաղաքացիների։

Եվ այսպիսով, Եվրոպական Միությունը, ԱՄՆ-ը ու ՄԱԿ-ը դադարեցնում են Իրանի դեմ տնտեսական պատժամիջոցները, որոնք ուժի մեջ էին դրվել դեռեւս 2ՕՕ6 թվականից ի վեր։ Իրանն այսուհետ կարող է վաճառել այնքան նավթ, որքան կհասցնի ու կկարողանա։ ԱՄՆ-ը այլեւս չի կիրառի իր պատժամիջոցներն ընդդեմ իրանական բանկերի ու ոչ էլ արտասահմանյան այն ընկերությունների ու բանկերի, որոնք ֆինանսական գործարքներ են իրականացնում Իրանի բանկերի հետ։

Պատժամիջոցներից ուժի մեջ կմնան միայն նրանք, որոնք վերաբերում են ահաբեկչությանն առնչվող մարդկանց ցուցակին։ Բացի այդ, ԱՄՆ-ը սկսում է նոր պատժամիջոցներ ընդդեմ իրանական այն ընկերությունների ու անհատների, որոնց աշխատանքների շնորհիվ Իրանը վերջերս իրականացրեց բալիստիկ մի հրթիռի փորձարկում։ Ինչպես ԱՄՆ-ի պետքարտուղարի ահաբեկչության դեմ պայքարի հարցերով տեղակալ Ադամ Սզուբինն է ասել, Իրանի բալիստիկ հրթիռի փորձարկումը հսկայական սպառնալիք է հանդիսանում տարածաշրջանի ու աշխարհի համար։

Սակայն, վերադառնալով Իրանի նկատմամբ գլխավոր պատժամիջոցներից հրաժարվելու փաստին, ասենք, որ ԱՄՆ-ի քաղաքական բեմահարթակում ոչ բոլորն են այն ողջունում։ Օրինակ, ինչպես Ներկայացուցիչների պալատի նախագահ, հանրապետական Փոլ Ռայընն է ասել, Թեհրանը ստացված հսկայական եկամուտները կարող է կիրառել ահաբեկչությանը զարկ տալու համար։ Նմանատիպ հայտարարություններով է հանդես գալիս նաեւ Իսրայելի վարչապետը։

Իրանի նախագահ Հասան Ռուհանիի խոսքերով, միջուկային գործարքի հարցում տուժողներ չկան, եւ միայն պատերազմի կողմնակիցներն են դժգոհ ՝՝Իրանի ոսկե այս էջից՛՛։

Իսկ ի՞նչ է սպասվում Իրանի նկատմամբ պատժամիջոցների դադարեցումից։

Առաջին. Իրանը միայն նավթի առաքումներից ստացվող եկամուտները կավելացնի տարեկան 1Օ միլիարդ դոլարով։

Երկրորդ. Արտասահմանյան բանկերում Իրանի ներկայումս սառեցված մոտ 5Օ միլիարդ դոլարը հասանելի կդառնա Իրանի համար։

Երրորդ. Իրանի Ներքին համախառն արտադրանքի աճը ներկա զրո տոկոսից տարեկան կհասնի 5 տոկոսի։

Իրանն ամեն օր կարտահանի 5ՕՕ հազար տակառ ավելի նավթ, քան արտահանում է այսօր, մեկ տարվա ընթացքում այն հասցնելով 2.5 միլիոն տակառի։ Սակայն դրա համար Իրանը պետք է հետ շահի իր նախկին գնորդներին, ինչն անելու համար ամենայն հավանականությամբ իր նավթը կառաջարկի միջազգային գներից ավելի ցածր գներով, այսպիսով է՛լ ավելի հարվածելով այն երկրների տնտեսություններին, որոնք հիմնականում հիմնված են նավթարդյունաբերության վրա։

XS
SM
MD
LG