Մատչելի հղումներ

Միացյալ Նահանգներն ընդլայնում է փախստականների ընդունման ծրագիրը


Միացյալ Նահանգներն ընդլայնում է փախստականների ընդունման ծրագիրը, հայտարարել է պետքարտուղար Ջոն Քերրին: Մասնավորապես, ավելանալու է Կենտրոնական Ամերիկայից եւ Մերձավոր Արեւելքից փախստականների թիվը:

Պետքարտուղար Քերրին անձամբ էր հանդիպել Միացյալ Նահանգներ այցելած փախստականների հետ:

«Նրանք բոլորն այստեղ են ժամանել նոր կյանք որոնելու ակնկալիքով», - նշել է պետքարտուղարը:

Ջոն Քերրիի խոսքով, Միացյալ Նահանգներ ժամանելուց առաջ փախստականներն անցնում են մանրազնին ու երկարատեւ ստուգում, իսկ ժամանելուց անմիջապես հետո նրանց հետ աշխատում են մասնագետներ, որոնք բացատրում են ԱՄՆ-ի օրենքներն ու մշակութային նորմերը նորեկներին:

«Այստեղ բոլոր փախստականները ցանկանում են ամերիկացի լինել եւ նպաստել մեր երկրի զարգացմանը», - ասել է Քերրին:

Ավելին, ի տարբերություն այլ երկրների, Միացյալ Նահանգներ ժամանելուց անմիջապես հետո փախստականներին օգնում են աշխատանք գտնել: Այսպես, անգլերեն չիմանալու դեպքում փախստականին օգնում են հատուկ գիտելիք չպահանջող աշխատանք գտնել ժամը 8 դոլար սկզբնական աշխատավարձով, որից հետո բազմաթիվ փախստականներին հնարավորություն է տրվում անվճար դասընթացներ անցնել եւ հատուկ լիցենզավորում ստանալու դեպքում ավելի բարձր վճարվող աշխատանք գտնել:

ԱՄՆ-ի քաղաքական վերնախավի մի մասը դեմ է նախագահ Օբամայի նախաձեռնությանը, որն ուղղված է ընդունվող փախստականների թվի ընդլայնմանը: Այսպես, Հարավային Քարոլինայի նահանգապետ Նիքի Հելեյի խոսքով անհրաժեշտ է ընդհակառակը, կրճատել ընդունվող փախստականների թիվը.

«Ահաբեկչության դարում, մենք չպետք է ներս թողնենք փախստականների, որոնց մտադրություններն անորոշ են»:

Անդրադառնալով փախստականների ընդունման խնդրին, Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայն Արդունին նշում է, որ անհրաժեշտ է ապահովել փախստականների անվտանգությունը, լինի դա իրենց սեփական երկրի այլ շրջաններում, Միացյալ Նահանգների տարածքում կամ նույն Հայաստանում:

«Կարեւոր է, որ Միացյալ Նահանգները Հայաստանին օգնություն հատկացնի Մերձավոր Արեւելքից Երեւան ժամանող փախստականների անհրաժեշտ կարիքները հոգալու համար», - նշում է Արդունին:

Միացյալ Նահանգները մնում է փախստականներին օգնություն տրամադրող աշխարհի խոշորագույն նվիրատուների թվում: Այսպես, միայն 2015-ին Միացյալ Նահանգները փախստականներին 1.6 միլիարդ դոլարի օգնություն է հատկացրել:

XS
SM
MD
LG