Մատչելի հղումներ

Իրանը անազատության մեջ է պահում 10 ԱՄՆ-ի զինվորականի


Միացյալ Նահանգների երկու փոքր ռազմանավի անձնակազմ Իրանում անազատության մեջ է ընկել, "Ամերիկայի Ձայնին" է հայտնել ԱՄՆ-ի բարձրաստիճան պաշտոնյա: Միեւնույն ժամանակ, Պենտագոնի պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ Թեհրանը երաշխավորել է ամերիկյան կողմին, որ ռազմանավերն ու դրանց անձնակազմը "անհապաղ կերպող" կվերադարձվեն:

Պաշտոնյայի խոսքով, երկու ռազմանավերի վրա գտնվել է ընդհանուր առմամբ 10 նավաստի՝ ինը տղամարդ եւ մեկ կին: Ռազմանավերն ընթանում էին Պարսից ծոցում, Քուվեյթի եւ Բահրեյնի միջեւ, երբ ամերիկյան կողմը կորցրեց նրանց հետ կապը:

"Հնարավոր է՝ նավերից մեկը մեխանիկական վթարի էր ենթարկվել, սակայն, այս պահին դա դեռ պարզ չէ: Ենթադրում եմ, որ նրանց կալանավորել են, երբ նրանք իրանական տարածքում էին գտնվում", - ավելացրել է Պենտագոնի պաշտոնյան "Ամերիկայի Ձայնի" հետ զրույցում:

Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը հայտնել է, որ կեսօրին՝ միջադեպից քիչ անց, պետքարտուղար Ջոն Քերրին հեռախոսազրույց է ունեցել իր իրանացի գործընկեր Մոհամեդ Ջավադ Զարիֆի հետ:

Պենտագոնի հաղորդմամբ՝ Իրանը տրամադրել է նավաստիների անվտանգության երաշխիքներ եւ խոստացել "անհապաղ կերպով թույլ տալ նրանց շարունակել ճամփորդությունը":

Միեւնույն ժամանակ, "Ամերիկայի Ձայնի" պարսկական ծառայության հաղորդմամբ, Իրանական Ֆարս նորությունների գործակալությունը հաղորդում է, որ ԱՄՆ-ի նավաստիները "ձերբակալվել են":

ԱՄՆ-ի պաշտոնյաների խոսքով, միջադեպը տեղի էր ունեցել Պարսից ծոցում՝ Ֆարսի կղզու մոտ:

Ֆարսի կղզում տեղակայվում է Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի ռազմածովային բազան, ինչը ամերիկյան նավաստիների կալանքի պատճառ կարող էր հանդիսանար, "Ամերիկայի Ձայնին" ասել է Ատլանտյան խորհրդի վերլուծաբան Մեթյու Քրոնիգը:

"Երկրների մեծ մասը նույն կերպ կվարվեին, եթե նրանց ռազմածովային բազային մոտենային օտար նավաստիներ", - նշել է Քրոնիգը:

Հատկանշական է, որ միջադեպը տեղի է ունեցել ընդամենը օրեր անց այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները մեղադրեց Իրանին ԱՄՆ-ի ռազմանավերի կողքին "չափազանց սադրիչ" հրթիռային փորձարկումներ անցկացնելու մեջ:

Միջադեպի մասին լուրը տարածվել է նախագահ Օբամայի վերջին տարեկան ուղերձից ընդամենը ժամեր առաջ: Ուղերձում Բարաք Օբաման նախատեսում է անդրադառնալ նաեւ Իրանի հետ միջուկային ծրագրի դադարեցման շուրջ ձեռք բերված համաձայնությանը: Բարեհաջող իրագործման դեպքում, Իրանից հանվելու են որոշ պատժամիջոցներ:

XS
SM
MD
LG