Իրաքի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն, օդային գրոհներից մեկի արդյունքում մարմնական վնասվածքներ է ստացել ՝՝Իսլամական պետություն՛՛՝ Դաեշ ծայրահեղական խմբավորման երկրորդ դեմքը՝ Աբու Մուհամեդ ալ Ադնանին, ու կորցրել է մեծ քանակությամբ արյուն։ Իրաքի համատեղ գործողությունների հրամանատարությունը հայտարարում է, որ ալ Ադնանիին, մինչեւ թիրախի տակ առնելը, նրան հետապնդել են մոտ մեկ ամիս։
2Օ14 թվականին հենց Ադնանին էր, որ առաջինը հայտարարեց Սիրիայի ու Իրաքի որոշ հատվածներում ՝՝խալիֆայություն՛՛ հաստատելու մասին, ու նա է եղել այստեղ ու Արեւմուտքում դաժան պատիժներ իրականացնելու գլխավոր հեղինակը։
Իսկ արդյո՞ք Դաեշի առաջին դեմքի՝ Աբու Բաքր ալ Բաղդադիի կամ երկրորդ դեմքի՝ Աբու Մուհամեդ ալ Ադնանիի ոչնչացումը կոչնչացներ Դաեշին։ Իհարկե ոչ, ոչ էլ կթուլացներ, ասում են վերլուծաբանները, միայն մի քիչ կընկճեր։ Սակայն մի ուժ, որն այսօր ըստ որոշ տեղեկությունների, փորձում է սկսել զանգվածային ոչնչացման զենքերի ուսումնասիրություններ, եւ որի զինյալները պատրաստ են իրենց հետ չհամաձայնության դեպքում սպանել անգամ իրենց մորը, ինչպես պատահեց Ռաքայում, երբ 21 տարեկան զինյալը հրապարակայնորեն գնդակահարեց իր իսկ մորը, դժվար թե ղեկավարներից մեկի սպանության դեպքում թուլանա, շեշտում են վերլուծաբանները։
Ինչպես ԱՄՆ-ի հետախուզության հարցերով պաշտոնատար անձինք են ասում, Դաեշն այժմ հետազոտություններ է կատարում երկիր-երկինք տիպի հրթիռներ ու քիմիական նյութեր ստանալու ուղղությամբ։ Այս կազմակերպության հաստատություններից ձեռք բերված տեսագրությունները վկայում են այն մասին, որ Սադամ Հուսեյնին հավատարիմ, Սիրիայի բանակից Դաեշի կողմն անցած, ինչպես նաեւ արտասահմանյան երկրներից նրանց միացած գիտնականներն ու փորձագետները աշխատում հեռվից կառավարվող ավտոմեքենաներ պատրաստելու ուղղությամբ։ Ավտոմեքենաներ, որոնք կարող են կիրառվել հեռակառավարման միջոցով հզոր պայթյուններ իրականացնելու համար։ Նրանք փորձում են նաեւ վերանորոգել ջերմորսիչ հրթիռներ, որոնք կարող են ոչնչացնել ռազմական ու քաղաքացիական օդանավեր։ Ու եթե, ասում են փորձագետները, Դաեշին հաջողվի իրականացնել իրենց այս ծրագրերը, այն ձեռք կբերի Արեւմուտքում զանգվածային բնաջնջման հարձակումներ իրականացնելու հնարավորություն։ Ինչպես Ջորջ Բուշի եւ Բարաք Օբամայի պաշտոնավարման տարիներին Իրաքի Ազգային անվտանգության խորհրդի նախկին տնօրեն Դագ Օլիվանթն է ասում, Դաեշը կարող է վերանորոգել երկիր-երկինք տիպի, այդ թվում ՝՝Ստրինգեր՛՛ տիպի հրթիռների մարտկոցները, հրթիռներ, որոնք ԱՄՆ-ը Աֆղանստանում է թողել Խորհրդային Միության կողմից այստեղ իրականացվող պատերազմի տարիներին։
Ինչպես փորձագետն է ասում բրիտանական ՝՝Սկայ Նյուզ՛՛ գործակալությանը տված հարցազրույցում, ՝՝ԱՄՆ-ի հետախուզությունն ու պաշտպանության հարցերով գործակալությունները պետք է ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրեն տեսագրությունը՝ պարզելու համար Դաեշի բոլոր կարողությունները՛՛։