Մատչելի հղումներ

Աշխարհը պատրաստվում է տոնել Ամանորը


Նյու Յորքում ավարտվում են Նոր Տարվա տոնակատարությունների նախապատրաստությունները. Քաղաքի սրտում՝ Թայմս Սքվերում կեսգիշերին հսկայական ապակե, լուսավոր գունդն ազդարարելու է 2Օ16 թվականը: Այստեղ, հրապարակում Ամանորի գիշերը գտնվելու է մեկ միլիոն մարդ, եւս մեկ միլիարդ հետեւելու է Թայմս Սքվերին հեռուստատեսությամբ:

«Մենք հիմա հենց այնտեղ ենք, որտեղ աշխարհը միավորվում է, որտեղ ներկայացված է աշխարհի ամբողջ հարստությունն ու բազմազանությունը: Աշխարհի ցանկացած մաս ներկայացված է Նյու Յորքում եւ Նյու Յորքի Ամանորյա տոնակատարությունը դիտում են ամբողջ աշխարհում», - ասում է Թայմս Սքվերի միության նախագահ Թիմ Թոմփքինսը:

Նյու Յորքի պաշտոնյաների խոսքով՝ որպես անվտանգության արտակարգ միջոց, միայն Թայմս Սքվերում լինելու է 6000 ոստիկան եւ չնայած որոշ սպառնալիքների, տոնակատարությունները կայանալու են:

Այլ է իրավիճակը Բելգիայի մայրաքաղաքում: Ծայրահեղականների կողմից գրոհի սպառնալիքների պատճառով իշխանությունների որոշմամբ Բրյուսելի հրապարակներում Նոր Տարվա տոնակատարություններ եւ հրավառություն տեղի չի ունենալու: Բելգիացիները սակայն հայտարարում են, որ չեն խոնարհվելու ահաբեկիչների առջեւ:

«Ես Փարիզում էի ահաբեկչական գրոհներից մեկ շաբաթ անց եւ մենք չենք կարող թույլ տալ, որ նման մարդիկ թելադրեն մեր ապրելակերպը։: Այո, կա վտանգ, սակայն, այն իմ ծրագրերը չի փոխելու», - ասում է Բրյուսելի մի բնակիչ:

Փարիզում տոնակատարությունները տեղի կունենան, թեեւ՝ արտակարգ անվտանգության պայմաններում:

«Վտանգը դեռ առկա է եւ ռիսկեր դեռ կան: Ամբողջ երկրով մեկ մեր ուժերի տեղակայումը ցույց է տալիս, որ մենք պետք է մնանք աչալուրջ, սակայն, աչալրջությունը մեզ չպետք է խանգարի տոնել Ամանորը», - ասում է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ժան Իվ Լե Դրիան:

Ռիո դե Ժանեյրոյում պաշտոնյաները հայտարարել են անվտանգության բարձր միջոցներ ձեռնարկելու մասին՝ քաղաքի հանրահայտ Քոփա Քաբանայում Նոր Տարվա տոնակատարությունների ընթացքում, իսկ Ավստրալիայում մարդիկ արդեն հասցրել են վայելել Ամանորյա հրավառությունը:

XS
SM
MD
LG