Մատչելի հղումներ

Եվս 3 միլիոն փախստական մուտք կգործի Եվրոպա


Մերձավոր Արեւելքից ու Աֆրիկայից Եվրոպայի ուղին բռնած փախսատականների վրա աշխարհի ուշադրությունը սեւեռվեց հատկապես այն օրվանից, երբ Թուրքիայի ափերին հայտնաբերվեց գաղթի ճանապարհին ծովում խեղդված սիրիացի տղայի մարմինը։ Անկենդան ու թույլ մարմինը խորհրդանշական ձեւով պատկերում էր այն տառապանքը, որը 21րդ դարում ապրում են միլիոնավոր գաղթականներ։

Մահից խույս տված ընտանիքների առջեւ տնտեսական դժվարին կացության մեջ գտնվող երկրների կողմից կառուցվող ցանկապատերն ի զորու չէին կասեցնել գաղթականների ներհոսքը։ Ցանկապատի մի բացվածքի միջով միայն մեկ օրվա ընթացքում Սերբիայի ու Հունգարիայի սահմանն է հատել մի քանի հազար մարդ։ Դրանից հետո Հունգարիան կայացրեց ցանկապատն ածելիապատելու մասին որոշում։

Ավստրիայում Հունգարիայից ժամանող գնացքներին ողջունում էին ծափողջույններով, երեխաներին քաղցրավենիք, տղամարդկանց ծխախոտներ բաժանելով։ Ավստրիայի կամավորներն ասում էին, որ Եվրոպան չի կարող մեջքով շրջվել դեպի այս մարդիկ, իսկ մշակույթին ու բարքերին հարմարվելու մասին հարցերը, ասում էին նրանք, հետագայում քննարկվելիք հարցեր են։

՝՝Այժմ հարկավոր է հոգալ նրանց կարիքները, ապահովել սնունդով, տալ կացարաններ ու կյանքը շարունակելու հնարավորություն՛՛, ասում էին Ավստրիայի կամավորական խմբի անդամները։

Բոլորի նպատակն ավելի արեւմուտք մեկնելն է, հատկապես Գերմանիա կամ Շվեդիա, որտեղ առատաձեռն պետական ծրագրերն ավելի խոստումնալից են ամեն ինչ կորցրած մարդկանց ապագայի համար։

ինչպես սիրիացի փախստականներն են ասում. ՝՝Գերմանիան օգնում է մարդկանց, օգնում է մարդկանց ապրել, սովորել ու նոր կյանք սկսել։ Մենք երախտապարտ ենք՛՛։

Սակայն փախստականության նկատմամբ վերաբերմունքը նկատելիորեն փոխվեց, երբ պարզ դարձավ, որ Փարիզում իրականացված ահաբեկչական հարձակումների հեղինակներից երկուսը Եվրոպա էին մուտք գործել փախստականների հոսքի հետ միասին։

Ու եթե Գերմանիայի կանցլերը նախկինում ողջունում էր նրանց մուտքն իր երկիր, ավելի ուշ հայտարարեց.՝՝Մենք կրճատելու ենք փախստականների թիվը՛՛։

Եվ ահա 2Օ15 թվականը Եվրոպան ավարտում է փախստականների առջեւ իր բաց սահմանները կիսափակելու շուրջ քննարկումներով։ Սակայն Եվրոպան չունի մարդկային այս մեծ աղետը լիովին լուծելու սպառիչ ծրագիր, ծրագիր, որը կդառնար Եվրոպայի ղեկավարության համար մի իրական ստուգարք։

XS
SM
MD
LG