Իրաքի բանակային ուժերը ազատագրել են Ռամադի քաղաքի հարեւանությամբ գտնվող մի քանի բնակավայրեր: Դաեշի դեմ ռազմական գործողություններն ընթանում են ոչ մեծ արագությամբ, քանի որ երկրի կառավարությունն ուզում է բացառապես գործել իր զորքերի միջոցով ու չօգտվնել շիա մահմեդական խմբավորումների պատրաստակամությունից` նպատակ ունենալով խուսափել բռնություններից, ինչպիսիք տեղի ունեցան ապրիլ ամսին Թիքրիթն ազատագրելու ժամանակ:
Հակաահաբեկչության հարցերով միավորման պաշտոնատար անձանց խոսքերով, Ռամադին լիովին ազատագրելու համար կպահանջվի միայն մի քանի օր: Անցյալ մայիս ամսին այս քաղաքը “Իսլամական պետություն” խմբավորման` Դաեշի կողմից գրավվելուց հետո գրեթե մարել էին հույսերը, որ Բաղդադի կառավարությունն ունի երկրի տարածքում կայունություն հաստատելու կարողություններ:
Իրաքի ուժերը դեպի Ռամադի ռազմական գործողությունները սկսել էին դեկտեմբերի 22-ին: Դեկտեմբերի 24-ին հաջորդել էին դաշնակից ուժերի օդային գրոհներն ընդդեմ Դաեշի դիրքերի: ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշնակից ուժերը 27 հարված էին հասցրել Դաեշին:
Ռամադին Իրաքի կառավարական ուժերի կողմից ազատագրվելուց հետո կդառնա Դաեշից հետ գրավված երկրորդ խոշոր քաղաքը: Դաեշն առաջին պարտությունը կրել էր Թիքրիթը հանձնելուց հետո:
Տեղի սուննի ցեղախմբերը ուղղակիորեն չեն մասնակցում գործողություններին:
Իրաքի կառավարության գլխավոր նպատակն է դուրս շպրտել Դաեշին երկրի հյուսիսային հատվածի ամենախոշոր քաղաք Մոսուլից, ինչպես նաեւ Ռամադիի ու Բաղդադի միջեւ գտնվող Ֆալուջայից: