Մատչելի հղումներ

 
ԵԱՀԿ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում աջակցել են միջազգային հետաքննության մեխանիզմի ստեղծումը

ԵԱՀԿ. Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպման ընթացքում աջակցել են միջազգային հետաքննության մեխանիզմի ստեղծումը


Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները Շվեյցարիայի մայրաքաղաք Բեռնում անցած հանդիպման ընթացքում աջակցություն են հայտնել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների նոր առաջարկներին, որոնք ուղղված են ԼՂ հակամարտության շրջանում անվտանգության ապահովմանը: Այս մասին հայտնում են հանդիպմանը ներկա Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), Փյեր Էնդրյուն (Ֆրանսիա) ու Իգոր Պոպովը (ՌԴ):

“[Հայասանի եւ Ադրբեջանի] Նախագահները քննարկել են վերջերս գրանցված բռնությունների դեպքերը եւ մտահոգություն հայտնել ծանր հրետանու օգտագործման հետեւանքով զոհված անձանց կապակցությամբ, այդ թվում՝ քաղաքացիական բնակչության շրջանում: Նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել համանախագահների շարունակական աշխատանքին, որն ուղղված է շփման գծում եւ հայ-ադրբեջանական սահմանում բռնության նվազեցման նոր միջոցների, այդ թվում՝ հետաքննության մեխանիզմի կիրառմանը”, - ասված է ԵԱՀԿ-ի համանախագահների հայտարարության մեջ:

Հայտարարության մեջ միջազգային միջնորդները նաեւ նշում են, որ Բեռնում դեմ առ դեմ հանդիպման ընթացքում հնարավորություն են տվել Սերժ Սարգսյանին եւ Իլհամ Ալիեւին հստակեցնել իրենց դիրքորոշումները: Հանդիպման ընթացքում համանախագահ Ջեյմս Ուորլիքը Թվիթերում գրառում էր կատարել, ըստ որի նախագահների հանդիպումը մեկ ժամից ավելի է շարունակվել:

“Նախագահները հաստատել են բանակցությունները ներկա առաջարկների շուրջ շարունակելու իրենց պատրաստակամությունը: Նրանք նաեւ վերահաստատել են իրենց հանձնառությունը Մինսկի Խմբի ձեւաչափին”, - ընդգծվում է միջնորդների հայտարարության մեջ:

Մինսկի խմբի եռանախագահները նաեւ վերահաստատել են, որ շարունակելու են կողմերի հետ աշխատանքը, որն ուղղված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը բանակցությունների միջոցով:

Հիշեցնենք, որ Միացյալ Նահանգների մի շարք կոնգրեսականներ, այդ թվում՝ Ներկայացուցիչների պալատի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, ազդեցիկ կոնգրեսական Էդ Ռոյսը, պահանջել են հայ-ադրբեջանական սահմանում եւ ղարաբաղյան շփման գծում կրակի ուղղությունը որսացող հատուկ սարքավորումներ տեղադրել եւ միջազգային հետաքննության մեխանիզմ կիրառել՝ զինադադարի պահպանման նպատակով:

XS
SM
MD
LG