Մատչելի հղումներ

Մերձավոր Արեւելքի քրիստոնյաները ցեղասպանության են ենթարկվում


Միացյալ Նահանգների Կոնգրեսում անցել է համաժողով, որի մասնակիցները բարձրացրել են Մերձավոր Արեւելքում քրիստոնյաների եւ եզդիների նկատմամբ ահաբեկիչների կողմից կատարվող ցեղասպանության խնդիրը:

Նախորդ դարի սկզբին տեղի ունեցած հայերի ցեղասպանությունն այսօր կարծես կրկնվում է «Իսլամական պետություն» խմբավորման՝ Դաեշի հսկողության տակ գտնվող հողերում: Այս անգամ ահաբեկիչների թիրախ են դարձել բոլոր քրիստոնյաները եւ եզդիները, հայտարարել է Միացյալ Նահանգների կոնգրեսական Անա Էշուն, ելույթ ունենալով «Ի պաշտպանություն քրիստոնյաների» կազմակերպության կողմից կազմակերպված համաժողովի ընթացքում:

«Տեղի է ունենում Մերձավոր Արեւելքում կրոնական փոքրամասնությունների հետեւողական բնաջնջում, այդ թվում նաեւ նրանց, ովքեր ինձ նման նույն ծագումն ունեն։ Ես ծագումով հայ եմ եւ ասորի: Սա ընտանիքիս պատմությունն է, որը նորից է կրկնվում», - ասել է Անա Էշուն:

Կոնգրեսականը ներկայացրել է ահաբեկիչների կողմից քրիստոնյաների եւ եզդիների նկատմամբ բռնությունների պատմություններ. 12 տարեկան քրիստոնյա երեխայի ձեռքերի բոլոր մատները կտրել էին, երբ նրա հայրը հրաժարվել էր կրոնափոխ լինել եւ մահմեդականություն ընդունել։Դրանից հետո թե՛ հորը թե՛ տղային խաչել էին: Նույն օրը Սիրիայի տարածքում Դաեշի ահաբեկիչները պատանդ էին վերցրել քրիստոնյաների մի խումբ՝ երկու կին եւ վեց տղամարդ, որոնցից նույնպես պահանջել էին մահմեդականություն ընդունել: Երբ բոլորը հրաժարվել էին, կանանց հրապարակավ բռնաբարել էին, որից հետո՝ բոլորին գլխատել:

Դաեշի մարդասպանների հսկողության տակ գտնվող երկու միլիոնանոց Մոսուլում մեր օրերում գործում է ստրուկների շուկա, որտեղ ազատ վաճառվում են քրիստոնյա եւ եզդի կանայք ու աղջիկներ. տղամարդկանց Դաեշի ահաբեկիչները ոչնչացնում են:

«Պատկերացրեք ձեզ այս մարդկանց տեղում, եթե ձեզ ցանկանային գլխատել ձեր հավատքի համար, ձեր գլխում ի՞նչ պիտի կատարվեր», - հավաքվածներին հարց ուղղեց կոնգրեսական Ջեֆ Ֆորթենբերին:

Դաեշի կողմից քրիստոնյաների նկատմամբ իրականացվող բռնությունները «ցեղասպանություն» անվանելը կարեւոր է, նշում է Ջորջ Մեյսոնի համալսարանի դասախոս Գրեգորի Սթանթոնը: Նրա խոսքով, բառերը կարեւոր դեր են խաղում ու թեեւ էթնիկ բնաջնջում կամ մարդկության դեմ հանցանք բնորոշումները ազդեցիկ են, «ցեղասպանություն» բառը խնդիրը բոլորովին այլ մակարդակի վրա է բարձրացնում:

Հատկանշական է, որ համաժողովին ելույթ ունեցող ազդեցիկ կոնգրեսական Դեյնա Ռորաբահերն առաջարկել է, որ Իրաքի եւ Սիրիայի քրիստոնյաները, այդ թվում եւ հայերը, ինչպես նաեւ եզդիները, առավելություն ստանան ԱՄՆ-ում փախստականի կարգավիճակ ստանալիս, քանի որ նրանք իսլամական ահաբեկիչների առաջնահերթ թիրախն են հանդիսանում:

XS
SM
MD
LG