Մատչելի հղումներ

Չինաստանը արձագանքում է երկրի մահմեդական բնակչությանը ուղղված Դաեշի տարածած երգին:


Չինաստանը արձագանքում է երկրի մահմեդական բնակչությանը ուղղված Դաեշի տարածած երգին:
Չինաստանը արձագանքում է երկրի մահմեդական բնակչությանը ուղղված Դաեշի տարածած երգին:

Դաեշ ահաբեկչական խմբավորումը վերջերս չինարեն լեզվով մի երգ է թողարկել, որը Չինաստանի մահմեդականներին կոչ է անում արթնանալ և զոհվել ռազմադաշտում: Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը անդրադարձել է այս հարցին:

«Իսլամական պետություն» խմբավորումը՝ Դաեշը չինարեն լեզվով մի երգի տեսագրություն է վերբեռնել համացանցում՝ նպատակ ունենալով ոտքի հանել նաև Չինաստանի մահմեդականներին։ Չինաստանի պետական մարմինները զգուշացնում են, որ երկրի Արևմուտքում գտնվող Քսինջանգ շրջանից մի շարք մահմեդական խմբեր Դաեշին միանալու միտումով տեղափոխվել են Սիրիայի և Իրաքի ռազմադաշտեր:

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Հուա Չունյինգը ասում է,- «Ոչ մի երկիր չի կարող ահաբեկչության դեմ ինքնուրույն պայքարել։ Միջազգային համայնքը պետք է համախմբվի և միացյալ ուժերով հարվածի ահաբեկչական խմբավորումներին»:

Դաեշը փորձում է քաջալերել Քսինջանգի շրջանի ույղուր մահմեդական բնակչությանը, ինչպես Ալ Քաիդա խմբավորումն էր փորձում անել նախկինում: Չինաստանի կառավարության խոսքերով, իրենք Քսինջանգի շրջանում կանգնած են մահմեդական գրոհայինների հարձակումների լուրջ վտանգի առջև, որտեղ վերջին տարիներին տեղի ունեցած բռնությունների արդյունքում հարյուրավոր մարդիկ են զոհվել:

Սակայն մարդու իրավունքների պաշտպանության խմբերը կասկածում են, որ Քսինջանգի շրջանում ծայրահեղական մահմեդական խմբավորումներ կան: Նրանք այդ բռնությունները վերագրում են Չինաստանի կառավարության կողմից հավատքի և մշակույթի հանդեպ վարած բռնապետական քաղաքականության հետևանք:

Մեծ Բրիտանիայի Պաշտպանության և անվտանգության ուսումնասիրությունների Թագավորական միացյալ հաստատությունից Ռաֆաելլո Պանտուչին ասում է,- «Ալ Քաիդան միջոցներ չէր տրամադրում ույղուրներին աջակցելու կամ նրանց ի նպաստ հարձակումներ կազմակերպելու համար: Կարծում եմ Դաեշը այժմ նմանատիպ վարքագիծ է դրսևորում»:

Այս շաբաթ Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովի շրջանակներում Պեկինը մասնակից վեց Եվրասիական երկրների ներակայացուցիչներին կոչ արեց ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարում ավելի մեծ համագործակցություն ցուցաբերել:

Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը, ասում է,- «Բոլոր մասնակից երկրներին կոչ եմ անում ուժեղացնել համագործակցությունն ու հաղորդակցությունը, սահմանների պաշտպանման համագործակցությունը և արագացնել խորհրդակցությունները ծայրահեղականության դեմ համագումարում»:

Հարկ է նշել, որ Չինաստանի և Արևմուտքի երկրները համաձայնության չեն գալիս ծայրահեղականության բնորոշման շուրջ: Սակայն վերլուծաբանների կարծիքով, ահաբեկչության դեմ պայքարը կարող է համախմբել այս երկրներին ընդհանուր գաղափարի շուրջ:

XS
SM
MD
LG