Մատչելի հղումներ

Կոնգրեսական. ԱՄՆ-ի մոտեցումը Ալիեւի վարչակազմի նկատմամբ կարող է փոխվել


ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի նկատմամբ՝ մամուլի ազատության դեմ կիրառվող հալածանքների պատճառով:
ԱՄՆ-ի Կոնգրեսը կարող է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի նկատմամբ՝ մամուլի ազատության դեմ կիրառվող հալածանքների պատճառով:

Միացյալ Նահանգները համբերությամբ էր վերաբերվում Ադրբեջանի վարչակազմի գործողություններին, սակայն դա կարող է փոխվել, հայտարարել է ԱՄՆ-ի կոնգրեսական, Հելսինկյան հանձնաժողովի ղեկավար Քրիս Սմիթը՝ ելույթ ունենալով հանձնաժողովի կողմից կազմակերպված լսումների ընթացքում: Կոնգրեսական Սմիթը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որում առաջարկում է մերժել վիզայի տրամադրումը Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաներին՝ կապված այդ երկրում մարդու իրավունքների ոտնահարումների հետ:

«Հույս ունեմ, այս օրինագիծը կհրավիրի նրանց ուշադրությունը, եւ մենք շատ լուրջ ենք տրամադրված՝ Կոնգրեսում այն ընդունելու հարցում», - ասել է Սմիթը:

Լսումների ընթացքում Լրագրողներ առանց սահմանների կազմակերպության ամերիկյան բաժնի տնօրեն Դելփին Հագլանդը հիշեցրել է, որ Ադրբեջանում իրենց աշխատանքի պատճառով ազատությունից զրկվել է 12 լրագրող ու բլոգեր:

«Նախագահ Իլհամ Ալիեւն ամբողջությամբ ճնշել է Ադրբեջանում մամուլի ազատությունն ու բազմակարծությունը», - ավելացրել է Հագլանդը:

Հագլանդի խոսքով, ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանի ղեկավարության առջեւ առաջ դրվող պահանջները՝ մամուլի ազատության եւ մարդու իրավունքների պահպանման վերաբերյալ, կարող են դրական ազդեցություն ունենալ Ադրբեջանում ժողովրդավարության զարգացման համար:

«Մենք գիտենք, որ նախագահ Ալիեւը չափազանց լուրջ է վերաբերվում իր իմիջին, հատկապես՝ Միացյալ Նահանգներում, եւ ես իսկապես հավատացած եմ, որ եթե ԱՄՆ-ը լուրջ գործողություններ ձեռնարկի, Ալիեւի վրա դա կազդի», - ավելացնում է Դելփին Հագլանդը:

Հիշատակելով Ադրբեջանի նախագահի հետ հանդիպումները՝ կոնգրեսական Սմիթը նշել է, որ Բաքու է այցելել երկու անգամ եւ երկու անգամ էլ լուրջ քննարկումներ է ունեցել այդ երկրի նախագահի հետ:

«Բաքվում հանդիպումների ընթացքում ես ասում էի, եկեք ճնշում գործադրենք այդ անձնավորության՝ Ալիեւի վրա: Նա շատ հրապուրիչ մարդ էր, սակայն մեզ անհրաժեշտ է ազնվություն եւ ճշմարտություն», - նշել է կոնգրեսականը:

«2015-ին Ադրբեջանում ժողովրդավարության մասին ակտ» վերնագրով օրինագիծը նախօրեին ներկայացվել է ԱՄՆ-ի Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողով:

XS
SM
MD
LG