Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում քննարկում են ահաբեկչության դեմ պայքարի ռազմավարությունը


Մաքքեյնը հայտարարել է, որ Իրաքում եւ Սիրիայում ներկայումս գոյություն չունեն ցամաքային ուժեր, որոնք ի վիճակի են ոչնչացնել Դաեշը
Մաքքեյնը հայտարարել է, որ Իրաքում եւ Սիրիայում ներկայումս գոյություն չունեն ցամաքային ուժեր, որոնք ի վիճակի են ոչնչացնել Դաեշը

Միացյալ Նահանգների Կոնգրեսում մեծամասնություն կազմող հանրապետականների մի մասը պահանջում է ավելացնել ԱՄՆ-ի ռազմական ներկայությունն Իրաքում՝ «Իսլամական պետություն» խմբավորման կամ Դաեշի դեմ արդյունավետ պայքար իրականացնելու նպատակով:

Անցած լսումների ընթացքում Սենատի զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Ջոն Մաքքեյնը հայտարարել էր, որ Իրաքում եւ Սիրիայում ներկայումս գոյություն չունեն ցամաքային ուժեր, որոնք ի վիճակի կլինեին վերջնականապես ոչնչացնել Դաեշը:

«Իրաքում մեզ անհրաժեշտ են եւս մի քանի հազար ամերիկյան զինվորներ, որոնք նկատելիորեն կարագացնեն Իրաքի ցամաքային ուժերի վերապատրաստումը», - հայտարարել է Մաքքեյնը:

Սենատորի կարծիքով, առանց Իրաքում զգալի ռազմական ներկայություն ապահովելու, Միացյալ Նահանգները չի կարող ոչնչացնել Դաեշի ահաբեկիչներին.

«Երբ «Իսլամական պետություն» խմբավորումը Իրաքում ոչնչացվի, մենք պետք է որոշ թվով ուժեր պահենք այնտեղ եւ նախկինի պես չպետք է հեռանանք: Իսկ եթե հեռանանք, ապա վտանգը կրկին կվերադառնա եւ մենք կրկին ստիպված ենք լինելու միջամտել»:

Ի պատասխան, ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը նշել է, որ Իրաքի եւ Սիրիայի տարածքում Միացյալ Նահանգները նպատակահարմար է գտնում աջակցություն ցուցաբերել Դաեշի դեմ պայքարող ՝՝տեղի չափավոր ընդդիմության ուժերին՛՛: Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ի հատուկ ծառայության ուժերի սահմանափակ խմբերը շարունակելու են հատուկ գործողություններ իրականացնել ահաբեկիչների ղեկավարների դեմ:

Էշթոն Քարթերն ընդգծել է, որ միջազգային հանրությունը պետք է նույնպես հետեւի Միացյալ Նահանգների օրինակին եւ ավելացնի Դաեշի դեմ պայքարի ծավալը.

«Թուրքիան պետք է հավելյալ ջանքեր գործադրի, որպեսզի ավելացնի հսկողությունը ներկայումս խոցելի սահմաններում», - նշել է Քարթերը:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը կրկին կոչ է արել Ռուսաստանին՝ կենտրոնանալ իրական թշնամու վրա եւ պայքարել Դաեշի դեմ, այլ ոչ թե ռմբակոծել Դաեշի դեմ պատերազմող Սիրիայի չափավոր ընդդիմության դիրքերը:

XS
SM
MD
LG