Մատչելի հղումներ

Կալիֆորնիայում կես միլիոն դոլարի պիստակ է գողացվել


Կալիֆոռնիայում կես միլիոն դոլարի պիստակ է գողացվել

Կալիֆորնիայում «Horizon Nut Company» ընկուզեղենի ընկերությունից նոյեմբեր ամսին գողացել են կես միլիոն դոլարի պիստակ: Ըստ Ամերիկյան «ABC» լրատվամիջոցի հոդվածի, ԱՄՆ-ի պետական մարմինները ենթադրում են, որ հափշտակված նմանատիպ ապրանքները փոխադրվում են Հայաստանի Հանրապետություն և Ռուսաստանի Դաշնություն:

Կազմակերպված հանցագործությունը միշտ էլ խնդիր է եղել, սակայն «Horizon Nut Company» ընկուզեղենի ընկերությունից Սքոթ Վուդարդի խոսքերով, իրենք առաջին անգամ են հայտնվել նման խոշոր խնդրի առջև:

Սքոթ Վուդարդը ասում է,- «Նրանք ունեին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ու չէինք էլ կարող պատկերացնել, որ ինչ որ բան այնպես չէր»:

Անցած ամիս «Horizon Nut Company» ընկուզեղենի ընկերությունից գողացվել է 18 տոննա պիստակ: Բեռնատար մեքենայի վարորդը կեղծ փաստաթղթեր է ներկայացրել ընկերության պահեստի աշխատակցին, այնուհետև հեռացել՝մեքենան լի պիստակով:

Արևմտյան տնտեսական իրացման ընկերակցության նախագահ Ռոջեր Իսոմը հեռախոսային հարցազրույցում պատմում է, թե ինչպես է գողությունը իրականացվել:

Ռոջեր Իսոմը ասում է,- «Նրանք համացանցի միջոցով կոտրել են Տրանսպորտի նախարարության կայքի տվյալների պահեստը և վերցրել իրենց անհրաժեշտ տեղեկությունը: Դրա շնորհիվ կարողացել են շեղել պահեստի աշխատողներին և գողանալ ընկուզեղենը»:

Սա Կալիֆորնիայում իրականացված նմանատիպ առաջին գողությունը չէ: 2013 թվականին Բաթթ Համայնքի ոստիկանապետը տեղական մամուլին տեղեկացրել էր, որ կազմակերպված մի հանցախումբ գողացել էր 200.000 դոլար արժողությամբ ընկույզ: Պետական մարմինները այնուհետև հայտնել էին, թե իրենց ունեցած տվյալները հուշում են, որ գողացված ապրանքը փոխադրվել է Արևելյան Եվրոպա... ենթադրաբար Հայաստան և Ռուսաստան:

Ռոջեր Իսոմը ասում է,- «Սա ձեր իմացած տեղական գողությունը չէ: Այս ամենը խելամտորեն ծրագրվել և իրականացվել է»:

Ներկայիս տվյալներով, «Horizon Nut Company» ընկերությանը հայտնի չէ, թե ով է գողացել իրենց ապրանքը:

Սքոթ Վուդարդը ասում է,- «Որքանով մենք տեղյակ ենք, բեռնատար մեքենան ուղևորվել է դեպի հարավ և բեռնաթափվել հարավային Կալիֆոռնիայում: Սակայն մենք տեղյակ չենք, թե բեռը ուր է տեղափոխվել դրանից հետո»:

Ընկերությունը գրեթե կես միլիոն դոլարի վնաս է կրել: Այժմ նրանք խստացնում են պահեստի հսկողությունը, հուսալով հետագայում խուսափել նման իրավիճակից:

XS
SM
MD
LG