Մատչելի հղումներ

2015 թվականի ՁԻԱՀ-ի Համաշխարհային օրվա թեման է «Հասնել զրոյի»


2015 թվականի ՁԻԱՀ-ի Համաշխարհային օրվա թեման է «Հասնել զրոյի»
2015 թվականի ՁԻԱՀ-ի Համաշխարհային օրվա թեման է «Հասնել զրոյի»

Այս տարվա ՁԻԱՀ-ի Համաշխարհային օրվա թեման է «Հասնել զրոյի»: Միավորված ազգերի կազմակերպության ՁԻԱՀ-ի կենտրոնի տվյալներով, 2000 թվականից ի վեր իմունաքաղցի հարուցիչով վարակվածների թիվը նվազել է 35 տոկոսով և մահացածների թիվը 2004 թվականից ի վեր նվազել է 42 տոկոսով:

Համաշխարհային հանրությունը երկար ճանապարհ է անցել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ պայքարում: Ճիշտ բուժման դեպքում, ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ կարող են երկարատև և առողջ կյանք վարել: ՁԻԱՀ-ի դեմ դեղահաբերի ընդունման դեպքում, արյան մեջ վարակը այնքան կնվազի, որ հնարավոր չի լինի ուրիշներին վարակել: Ըստ ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնի, դեղահաբի ամենօրյա ընդունումը նույնիսկ կարող է վարակ չունեցողներին ՄԻԱՎ-ով վարակվելուց զերծ պահել:

Գրեթե իր ողջ կյանքում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի շուրջ աշխատած բժիշկ Էնթոնի Ֆաչիի խոսքերով, վարակի դեմ պայքարի նոր շրջան է սկսվել:

Բժիշկ Էնթոնի Ֆաչին ասում է,- «Եթե նայեք համաճարակի սանդղակին, կնկատեք, թե որն է վարակի զարգացման շրջանը և կտեսնեք նաև, որ այն աստիճանաբար սկսում է նվազել»:

Այժմ ՄԻԱՎ-ով վարակված 37 միլիոն մարդ կա, յուրաքանչյուր տարի վարակվածների թիվը 2 միլիոնով ավելանում է, իսկ մահացությունը հասնում է 1 միլիոնի:

ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Դեբորա Բիրքսը ասում է,- «Տարեց տղամարդիկ վարակում են 15ից 24 տարեկան երիտասարդ աղջիկների, այս աղջիկներն էլ հինգ վեց տարի հետո վարակում են իրենց քսանամյա զուգընկերներին: Այսպիսով, եթե ուզում ենք փոխել հիվանդության զարգացման ընթացքը, պետք է բուժենք տարեց տղամարդկանց և երիտասարդ աղջիկներին օգնենք հեռու մնալ ՄԻԱՎ-ով վարակվելուց»:

Վարակվելու վտանգի տակ են հատկապես ներերակային թմրանյութեր օգտագործողները և համասեռական տղամարդիկ: Ռոդնի Մըքոյը, ով ՁԻԱՀ-ի ակտիվիստ է և ՄԻԱՎ-ի վարակակիր, «Ամերիկայի Ձայն»-ին պատմել է իր կարծիքով վարակի դեմ պայքարի գլխավոր խոչընդոտի մասին:

Ռոդնի Մըքոյը ասում է,- «Գլխավոր խոչընդոտն այն է, որ մենք չենք խոսում ՄԻԱՎ-ի և մեր սեռական կյանքի մասին: Չենք ուզում հետազոտվել: Մի խոսքով, մերժում ենք ընդունել ՄԻԱՎ-ի գոյությունը և պայքարել դրա դեմ»:

Հիշեցնենք, որ Հայաստանում ՄԻԱՎ վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրանյութերի ներարկային օգտագործման միջոցով և հետերոսեքսուալ ճանապարհով վարակումը:

Հայաստանում թմրամիջոցների ներարկային օգտագործման միջոցով գրեթե բոլոր վարակվածները եղել են տղամարդիկ. ի սկզբանե բոլոր կանայք վարակվել են սեռական ճանապարհով: Արձանագրվել են նաև հոմոսեքսուալ ճանապարհով, մորից երեխային և արյան միջոցով ՄԻԱՎ-ի փոխանցման դեպքեր:

Զրոյի հասնելու համար պետք է ընդունել ՄԻԱՎ-ի գոյությունը, վարակի շուրջ խայտառակության դրոշմը վերացնելու և ՁԻԱՀ-ի դեմ դեղահաբերի ընդունման կարևորությունը:

XS
SM
MD
LG