Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում Ամանօրյա առևտրի սեզոնը բացվեց «Black Friday»-ի միջոցով


ԱՄՆ-ում Ամանօրյա առևտրի սեզոնը բացվեց «Black Friday»-ի միջոցով

Սուրբ Ծնունդին ընդառաջ Միացյալ Նահանգների բնակիչները ջանում են նվերներ գնել ընտանիքի և իրենց համար: Գոհաբանության տոնի հաջորդ օրը, որը կոչվում է «Black Friday», թարգմանաբար՝ Սև ուրբաթ, երկրի խոշորագույն առևտրի կենտրոնները հատուկ զեղչեր են առաջարկում:

«Black Friday»-ն առաջին անգամ սկսվել է անցյալ դարավերջին՝ խորհրդանշելով ԱՄՆ-ում սուրբծննդյան առևտրի սեզոնի բացումը: Ի սկզբանե խանութները զեղչերը առաջարկել են ուրբաթ օրը առավոտյան: Սակայն վերջին մի քանի տարիների ընթացքում առևտրի կենտրոնները իրենց դռները բացում են Գոհաբանության տոնի օրը:

Երկրով մեկ բնակիչներից շատերը, հնդկահավը դեռ կարգին չվայելած, շտապում են իրենց սիրելի առևտրի կենտրոնի առջև հերթ կանգնելու: Խանութների դռները բացվելուց հետո հոգնած և սառած ամբոխը ներս է շտապում, ձեռքը գցելով իր հավանած ապրանքներին: Գնորդները երբեմն նույնիսկ սկսում են վիճաբանել, թե ում պետք է հասնի ցանկալի իրը: Այս տարին նույնպես բացառություն չէ, երկրի մի քանի առևտրի կենտրոններում արդեն եղել են վիճաբանությունների և ծեծկռտուքի դեպքեր:

Սակայն, ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի իրավիճակը ավելի հանդարտ է: Խոշոր ընկերությունների մեծ մասը «Black Friday»-ի զեղչերը առաջարկում են նաև համացանցում, ինչի շնորհիվ հերթերի երկարությունը և խուճապահար մարդկանց թիվը կրճատվել է:

Զիսքեյլեր ընկերության տեղեկատվության անվտանգության ղեկավար Մայքըլ Սաթընի խոսքերով, համացանցի միջոցով գնումներ կատարելու մարդկանց ցանկությունը դռներ է բացում հաքերների առջև: Շատերը հեռախոսային տարբեր ծրագրեր են բեռնում, փորձելով ավելի լավ զեղչեր ստանալ:

Մայքըլ Սաթընը ասում է,- «Ձեզ ստիպում են բեռնել այդ ծրագրերը, ինչի արդյունքում նրանք հնարավորություն են ստանում տեսնելու ձեր անձնական տվյալները: Նրանք կարող են վերահսկել ձեր զանգերը, հաղորդագրությունները, հեռախոսահամարները և նույնիսկ ձեր այցելած էլեկտրոնային կայքերը»:

Որոշ նահանգներում «Black Friday»-ը պետական տոն է համարվում՝ մարդկանց թույլատրելով աշխատանքի չգնալ և ազատորեն կատարել ամանօրյա առևտուրը: 2014 թվականի տվյալներով, Գոհաբանության տոնի և դրան հաջորդող երեք օրերի ընթացքում կատարվել է 50.միլիարդ 9ՕՕ միլիոն դոլարի առևտուր:

Չնայած ցուրտ եղանակին, երկարաձիգ հերթերին, ծեծկռտուքին և հաքերների սպառնալիքին, Միացյալ Նահանգների բնակիչները դեռևս մեծ ոգևորությամբ են գնումներ կատարում «Black Friday»-ի ընթացքում:

XS
SM
MD
LG