Մատչելի հղումներ

Սպիտակ տունը Պուտինին հորդորում է գործը խոսքին համապատասխանեցնել


Վաշինգտոնը կողջունի Ռուսաստանի գործողությունները Սիրիայում, եթե դրանք ուղղված լինեն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարին:

Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության վերջին համագործակցությունը շատ զգալի է, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիի հետ հանդիպման ընթացքում: Պուտինը Թեհրան էր այցելել գազ արտահանող երկրների գագաթաժողովին մասնակցելու նպատակով, սակայն, այցի ընթացքում հասցրել է քննարկել Իրանի քաղաքական եւ հոգեւոր ղեկավարների հետ Սիրիայում ռուս-իրանական համագործակցությունը, որն նա «շատ կառուցողական է» որակել:

Անդրադառնալով Ռուսաստանի կողմից սեպտեմբերից շարունակվող Սիրիայի տարածքում գտնվող տարբեր ուժերի ռմբակոծումներին, Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ դրական է գնահատում դրա արդյունքները: Նրա խոսքով, Ռուսաստանի տիեզերա-օդային ուժերի ռազմական գործողությունները բարդ եւ լայնածավալ աշխատանք են պահանջում, ինչպես համակարգման, այդպես էլ՝ սպասարկման տեսանկյունից:

«Սակայն ցանկանում եմ կրկնել՝ քաղաքական բանակցություններից բացի, Սիրիայի խնդիրների երկարատեւ լուծման այլ ուղի գոյություն չունի», - ընդգծել է Պուտինը:

Նշենք, որ մեկնաբանելով Ռուսաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները, Սպիտակ տանը հայտարարել են, որ Մոսկվային անհրաժեշտ է սեփական գործողությունները համապատասխանեցնել հայտարարված դիվանագիտական եւ քաղաքական նպատակներին: Սպիտակ տան մամլո խոսնակ Ջոշ Ըրնեստն ընդգծել է, որ մինչ օրս Ռուսաստանի իրական գործողությունները Սիրիայում ուղղված են Բաշար ալ Ասադի իշխանության պահպանմանը.

«Գոյություն ունի արմատական հակասություն նրանց իսկ հայտարարված նպատակների եւ իրական գործողությունների միջեւ»:

Ըրնստի խոսքով, Պուտինն ինքն է ընդունել, որ Սիրիայում եղած հսկայական խնդիրների լուծման համար պահանջվում է քաղաքական կարգավորում, սակայն, Մոսկվան շարունակում է զբաղվել Ասադի իշխանության պահպանմամբ միայն: Միեւնույն ժամանակ, Վաշինգտոնը կողջուներ Մոսկվայի գործողությունները, եթե դրանք համապատասխանեին ՌԴ ղեկավարության կողմից արված հայտարարություններին՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու վերաբերյալ:

XS
SM
MD
LG