Մատչելի հղումներ

Եվրոպայում իրականացվում են անվտանգության աննախադեմ միջոցառումներ


Լարված իրավիճակը շարունակվում է ամբողջ Եվրոպայում։ Իտալիայում ուժեղացված է հսկողությունը պետական բոլոր հաստատություններում։ Երկրի իշխանություններն ԱՄՆ-ի Հետաքննությունների դաշնային բյուրոյից ստացել են նախազգուշացում այն մասին, որ Վատիկանում Սուրբ Պետրոսի բազիլիկան, Միլանի տաճարն ու Լա Սկալա թատրոնն ահաբեկիչների հնարավոր թիրախ են։ Իտալիայում հարձակումների հնարավոր թիրախ են համարվում նաեւ ռեստորաններն ու սրբատեղիները։

Այս ընթացքում Եվրոպայի արդարադատության ու ներքին գործերի նախարարները ստեղծված ճգնաժամի հարցով Բրյուսելում անց են կացնում արտակարգ հանդիպում, քննարկելով անվտանգության ու ստուգումների խնդրում աշխատանքները համակարգելու հարցեր, երբ Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բերնար Կազենովեն դժգոհում է, որ Եվրոպական Միության անդամ եւ ոչ մի երկիր Ֆրանսիային չէր տեղեկացրել, որ հարձակումները կազմակերպած Աբդելհամիդ Աբաուդը մուտք էր գործել Միության տարածք։ ՝՝Ժամանակն է, որ Եվրոպան արթնանա, ինքնակազմակերպվի ու պաշտպանի ինքն իրեն՛՛, հայտարարել է նա։

Միջազգային հանրության ուշադրությունն այս պահին նաեւ Ռուսաստանի վրա է սեւեռված, որն ուժգնացնում է օդային գրոհներն ընդդեմ Սիրիայում ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դիրքերի ու կոչ անում ստեղծել համաշխարհային դաշինք ընդդեմ ծայրահեղական այս խմբավորման։ Կրեմլի քննադատներից շատերն ասում են, թե Ռուսաստանի ոչ միայն ռազամական գործողություններից է մեծապես կախված մեկուսացումից դուրս գալու հնարավորությունը, այլ նաեւ նրանից, թե արդյոք Կրեմլը կհրաժարվի հակաարեւմտյան իր բարձրագոչ հայտարարություններից, թե ոչ։

Արեւմուտքը չի ցանկանում, որ Ռուսաստանի ռազմական գործողությունների նպատակը նախ եւ առաջ Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի իշխանությունը պաշտպանելը լինի։ Փորձագետներից շատերի կարծիքով, ռուսական մարդատար օդանավի կործանումից հետո Մոսկվան ավելի շատ հետաքրքրված է Ուկրաինայի ու Սիրիայի հարցով Արեւմուտքի հետ տարաձայնությունները հաղթահարելով, սկսել ծայրահեղականության դեմ համաշխարհային դաշինք։

Թուրքիան եւս հայտարարել է, թե, միանալով ԱՄՆ-ին, շատ շուտով սկսելու է ռազմական համատեղ գործողություններ։ Այն թույլ կտա, որ թուլանան բավարար քայլերի չդիմելու պատճառով Թուրքիայի դեմ հնչող մեղադրանքները։ Սակայն այն մտահոգությունը, որ Թուրքիայի ռազմական գործողությունները կարող են ուղղվել նաեւ ԱՄՆ-ի հետ համագործակցող քրդական Դեմոկրատական միություն կուսակցության զինյալ դիրքերին։ Փորձագետները կարծում են, որ Սիրիայում թուրքական ցամաքային ուժերի որեւէ տեղակայում լի է Սիրիայի քուրդ մարտիկների հետ հակադրվելու մեծ վտանգով։

Այս ընթացքում Ֆրանսիայում շարունակվում են ուրբաթ օրն իրականացված ահաբեկչական հարձակումների մեջ կասկածյալ եւս մի ահաբեկչի որոնման աշխատանքները։

XS
SM
MD
LG