Միացյալ Նահանգները պետք է առաջնորդի «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պատերազմը, հայտարարել է ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության նախընտրական արշավի առաջատար թեկնածու Հիլարի Քլինթընը.
«Ողջ աշխարհը պետք է այս պատերազմում միասնական գործի: Սակայն մե′նք պետք է առաջնորդենք այն»:
Նրա խոսքով, անհրաժեշտ է ավելի արդյունավետ օդային գործողություններ կազմակերպել ահաբեկիչների դեմ, ավելացնել ինքնաթիռների թիվը, կրկնապատկել օդային գրոհները եւ ավելի մեծաթիվ թիրախներ ընտրել: Միեւնույն ժամանակ, Քլինթընն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները պատերազմի ընթացքում չպետք է իրականացնի ցամաքային գործողություններ:
«Ցամաքում պիտի պատերազմի տեղի բնակչությունը: Մենք կարող ենք եւ պետք է օգնենք նրանց, սակայն, չենք կարող նրանց փոխարինել»:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնի թեկնածուն հայտարարել է նաեւ, որ Թուրքիան եւ արաբական երկրները բավարար չափով չեն մասնակցում հակաահաբեկչական գործողություններում.
«Մեր ջանքերը հաջողությամբ կպսակվեն միայն, եթե արաբներն ու թուրքերը ավելի լուրջ ներգրավվեն պատերազմում: Սա նրանց կռիվն է եւ նրանք պետք է դա ապացուցեն»:
Հիլարի Քլինթընը ավելացրել է, որ առաջատար աշխարհն այսօր պայքարում է ոչ թե սոսկ ահաբեկիչների, այլեւ նրանց կողմից տարածվող ատելության գաղափարախոսության դեմ, եւ որ չի կարելի շփոթել մահմեդականությունն ահաբեկչության հետ, քանի որ մահմեդականները խաղաղ եւ հանդուրժող մարդիկ են: Քլինթընը նաեւ ընդգծել է, որ Արեւմուտքը չպետք է թույլ տա ահաբեկիչներին վախեցնել իրենց:
Հիշեցնենք, որ աշխարհի բազմաթիվ խոշոր քաղաքներում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները, իսկ Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ Նյու Յորքի դեմ ահաբեկիչների կողմից ուղղված սպառնալիքները արդյունք չեն բերելու.
«Ես այստեղ եմ գտնվում ոստիկանական բաժնի աշխատակիցների հետ, որոնք պարեկային ծառայություն են կատարում Թայմս հրապարակաում, որպեսզի բոլորի համար շատ, շա~տ հստակ լինի՝ Նյու Յորքի բնակիչներին ահաբեկել չի լինի»: