Մատչելի հղումներ

Ֆրանսիան սպառնալիքի առջեւ երբեք չի նահանջի


Նախորդ գիշեր Փարիզի Սեն-Դենիզ թաղամասի բնակիչներն արթնացան կրակոցներից ու պայթյուններից.Ֆրանսիայի ոստիկանությունն ահաբեկիչների դեմ արշավ էր կազմակերպել: Ոստիկանության տվյալներով, Սեն-Դենիզում, որը մեկ երրորդով բնակեցված է ներգաղթյալներով, թաքնվում էր նախորդ շաբաթ Փարիզում կազմակերպված ահաբեկչությունների հեղինակ Աբդելհամիդ Աբաուդը, որը Եվրոպայի հատուկ ծառայությունների հաղորդմամբ, ոչնչացվել է:

Սեն-Դենիզում բնակվող Լասանա Դիվարի խոսքով, ոստիկանության արշավը պատերազմ էր հիշեցնում.

«Ամեն ինչ սկսվեց հուժկու ցնցումներով առավոտյան 4-ին, որոնց հետեւեցին պայթյուններ, այնքան հզոր, որ մենք դրանց սկզբում հրավառության հետ շփոթեցինք»:

Ընդհանուր առմամբ, ոստիկանական գործողությունների ընթացքում սպանվել է երկու, այդ թվում մեկ մահապարտ, եւ ձերբակալվել հինգ մարդ: Հարցաքննվում է նաեւ ահաբեկիչներին օթեւան տված Փարիզի բնակիչը, որի խոսքով, ինքը տեղյակ չի եղել նրանց ծրագրերի մասին:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ելույթում հայտարարել է, որ ահաբեկիչներին չի հաջողվի վախեցնել Ֆրանսիայի ժողովրդին.

«Ահաբեկիչները անմեղ կյանքեր խլեցին, սակայն նրանք ցանկանում են նաեւ ընդհատել մեր կյանքի ընթացքը: Ես ի պատասխան, միանշանակ հայտարարում եմ, որ Ֆրանսիան մնալու է ազատության, զարգացող մշակույթի տեր եռանդուն երկիր, որը երբեք սպառնալիքի առջեւ չի նահանջելու»:

Օլանդը շնորհակալություն է հայտնել աշխարհի բոլոր ժողովուրդներին, որոնք աջակցելով ֆրանսիացիներին, իրենց հուշարձանները, նկարներն ու խորհրդանիշները զարդարել էին Ֆրանսիայի դրոշի գույներով:

Ահաբեկիչների կողմից սպառնալիքները Արեւմուտքի ժողովուրդներին չեն վախեցնում, սակայն հատուկ ծառայությունները դրանց լուրջ են վերաբերվում՝ բոլոր ջանքերն ուղղելով քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Այսպես, Միացյալ Նահանգներում սպառնալիքի պատճառով ժամանակավորապես դադարեցվել է ՝՝Էըր Ֆրանս՛՛-ի երկու չվերթ, իսկ Գերմանիայում վտանգի պատճառով չի կայացել Գերմանիայի եւ Նիդերլանդների ֆուտբոլային հանդիպումը:

XS
SM
MD
LG