Մանիլայում կայացած Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթաժողովի շրջանակներում Ֆիլիպինների նախագահ Բենինո Աքինոյի հետ շարունակական զրույցներից հետո Օբաման ուշադրությունը ուղղել է Պեկինի վերջին գործողությունների վրա:
Բարաք Օբաման ասել է, որ իրենք քննարկել են տարածաշրջանի կայունության վրա Չինաստանի կողմից հողերի մշակման և այս հատվածներում շինարարական գործունեության ազդեցության հետ կապված հարցեր: Նրա խոսքերով, իրենք համաձայնության են եկել որպեսզի հաստատուն քայլեր ձեռնարկեն Հարավ-Չինական ծովի վիճահարույց տարածքում հետագա շինարարությունների իրականացման և ռազմականացման դեմ:
Գրեթե երկու տարի Չինաստանը Հարավ-Չինական ծովի վիճահարույց տարածքներում փոքր կղզյակներ է կառուցել, դրանց վրա տեղակայելով ռազմական թռիչքուղիներ: Շրջակա երկրների ղեկավարները իրենց վրդովմունքն են արտահայտել Չինաստանի այս գործողությունների շուրջ:
Չինաստանի խոսքերով, իրենք ծովի գրեթե ողջ տարածքի հանդեպ «Անվիճելի Ինքնիշխանություն» ունեն: Նրանց կարծիքով, տարածքի հետ առնչություն չունեցող երկրները պետք է այս քննարկումներից դուրս մնան: Սակայն դրա հետ մեկտեղ, Չինաստանը հրաժարվում է Ֆիլիպինների հետ համագործակցել նրանց կողմից միջնորդ դատարանին ներկայացրած հայցի շուրջ:
Մալազիան, Թայվանը և Վիետնամը նույնպես պահանջներ ունեն Հարավ-Չինական ծովի վիճահարույց տարածքների շուրջ: Քննարկումների ընթացքում Օբաման մասնավորապես չեզոք դիրք էր գրավել, սակայն նկատելի էր, որ նա ԱՄՆ-ի աջակից Ֆիլիպինների շահերի կողմնակիցն է:
ԱՄՆ-ը Ֆիլիպինների միակ պաշտպանն է։ Նախորդ տարի երկու երկրների միջև պայմանագիր ստորագրվեց, ԱՄՆ-ին թույլատրելով Ֆիլիպինների տարածքում ռազմական հենակետ կառուցել: Այս պայմանագիրը երկրում միաձայն հավանության չարժանացավ և այն այժմ քննարկման մեջ է Ֆիլիպինների գերագույն դատարանում:
Նախագահ Բենինո Աքինոն կողմ է պայմանագրին, նրա խոսքերով այն իրենց կօգնի օգտվել նորագույն ռազմական տեխնոլոգիաներից, իսկ ԱՄՆ-ին էլ կօգնի իր ուժերը ամրապնդել ծովային տարածքում:
Երեքշաբթի օրը Ֆիլիպինները և Վիետնամը ռազմավարական նշանակության համաձայնության եկան քննարկվող տարածքի շուրջ: Այնուհետև Վիետնամի արտգործնախարարը հայտարարեց, որ իրենք ձգտում են լավ հարաբերություններ ունենալ Պեկինի հետ, սակայն կշարունակեն պաշտպանել իրենց շահերը տարածաշրջանում: