Այսօր, երբ աշխարհը ցավում է Փարիզում ուրբաթ օրն իրականացված ահաբեկչական հարձակումներին զոհ գնացած անձանց համար, ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հետախուզության հարցերով հանձնաժողովում Դեմոկրատական կուսակցության գլխավոր ներկայացուցիչը հիշեցնում է, որ Միացյալ Նահանգները նույնպես նշանակետի տակ է:
Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ասում է,- «Մենք չենք կարող թույլ տալ, որ «Իսլամական պետություն» խմբավորումը պահպանի իր ապաստարանները Սիրիայում և Իրաքում, որտեղից այն ծրագրում և հրահանգում է հարձակումներ մեր դեմ»։
Առայժմ Սպիտակ տան ներկայացուցիչները ջանում են մեղմել մարդկանց անհանգստությունները։
Անվտանգության հարցերով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը ասում է,- «Այս պահին Միացյալ Նահանգներին սպառնացող լուրջ վտանգ չկա, սակայն մենք մեր զգոնությունը չենք կորցնի»:
Մտահոգիչ է այն հանգամանքը, որ Փարիզում իրագործված հարձակումները ցույց տվեցին, որ ահաբեկիչները կարող են պայթյուններ ծրագրել և իրականացնել, առանց ինտերնետի կամ այլ հաղորդակցման միջոցների օգտագործման, ինչը հետախուզական գործակալություններին թույլ չի տալիս հայտնաբերել նրանց կամ որսալ հաղորդակցությունը։
Դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆը ասում է,- «Իրականությունն այն է, որ նույնիսկ լավագույն հետախուզությունը չի կարող խոչընդոտել վճռական թշնամուն, եթե այն ընտելացել է մեր պաշտպանության մեթոդներին: Խնդիրն այն է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը արդեն ընտելացել է մեր պաշտպանության մեթոդներին»:
Փարիզի հարձակման մասնակիցներից մեկի՝ Սիրիայից փախստական լինելու հանգամանքը, կարող է հարցականի տակ դնել սիրիացի 10,000 փախստականների ապաստան տալու Օբամայի վարչակազմի երաշխավորումը: Նախագահական ընտրությունների Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները վիճաբանում են այն հարցի շուրջ, թե արդյոք ԱՄՆ-ի կողմից ապաստան ստացող բոլոր փախստականները հետախուզության կենթարկվեն:
Հանրապետական սենատոր Մարքո Ռուբիոն ասում է,- «Հազար ներգաղթյալներից 999-ը պատերազմից փախչող մարդիկ են, մեկը՝ ահաբեկչական խմբավորման անդամ: Այս պարագայում խնդիր է առաջանում և այն լուծելը անհնարին է: Մենք չենք կարող պարզապես զանգահարել Սիրիա և հարցուփորձ անել»:
Դեմոկրատական կուսակցությունից Հիլարի Քլինթոնը չի համաձայնել Օբամայի վարչակազմի այն եզրակացությանը, որ «Իսլամական պետություն» խմբավորումը վերահսկվում է: Սակայն Սպիտակ տան ներկայացուցիչները հավաստիացնում են, որ նախագահի խոսքը Իրաքում և Սիրիայում խմբավորման կողմից վերահսկվող տարածքի մասին է, այլ ոչ թե խմբավորման կողմից սպառնացող ահաբեկչական հարձակումների վտանգի: