Բելգիայում 5 անձինք են ձերբակալվել Փարիզում ուրբաթ օրն իրականացված ահաբեկչական հարձակման առնչությամբ:
Կիրակի օրն արդեն հայտնի էր 129 զոհերից 1Օ3-ի ինքնությունը: 3ՕՕ վիրավորներից 99-ի վիճակը գնահատվում է որպես ծայրաստիճան ծանր:
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին հայտարարում է, թե ժամանակն է, որ “ղեկավարները մտածեն պատերազմի մասին”:
“Մենք պիտի գիկակցենք, որ պատերազմի մեջ ենք ու պիտի ընդունենք, որ նման սարսափելի գործողություններ կարող են կրկնվել ամենուր”, ասել է նա:
Սարկոզին կոչ է արել փոխել որդեգրած արտաքին քաղաքականությունը եւ որոշումներ կայացնել Եվրոպայի ղեկավարների մակարդակով:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ Անկարայում անցկացրած հանդիպման ժամանակ ասել է, թե Ֆրանսիայում իրականացված հարձակումները “հարված էին ընդդեմ քաղաքակիրթ աշխարհի”: Օբաման խոստացել է ավելի մեծ ճնշումներ իրականացնել ընդդեմ “Իսլամական պետություն” խմբավորման ու ավելի մեծ ճնշումներ` “Սիրիայում իշխանության փոխանցումն ապահովելու համար:
Օբաման, որը Թուրքիա է ժամանել Մեծ քսանյակի հանդիպմանը մասնակցելու նպատակով, խոստացել է օգնել Ֆրանսիային` հայտնաբերելու հանցագործներին, չնայած Սպիտակ տունը հայտարարել է, թե վարչակազմը չունի “Իսլամական պետություն” խմբավորմանը պարտության մատնելու ռազմավարությունը փոխելու ծրագիր:
Ֆրանսիական մամուլը մասնակի տեղեկություններ է հաղորդում հարձակումներն իրականացրած 7 ահաբեկիչներից երկուսի մասին: Նրանցից մեկը Ֆրանսիայի արմատական դարձած երեսունամյա քաղաքացի է, մյուսը` 199Օ թվականին ծնված սիրիացի: Հիշեցնենք, որ բոլոր 7 ահաբեկիչները սպանված են: Սակայն կան կասկածներ, որ եղել է նաեւ ութերորդը, որն այժմ գտնվում է հետախուզման մեջ: Ֆրանսիայի իշխանությունները բերման են ենթարկել ահաբեկիչներից մեկի հորն ու եղբորը: Որոշ կասկածներ կան նաեւ, որ գուցե եղել է նաեւ իններորդը:
Ամբողջ Եվրոպայի տարածքում սկսվել են նրանց որոնելու գործողություններ: