Մատչելի հղումներ

Օբաման ու Էրդողանն առանձնազրույց են ունենալու կիրակի օրը


Բարաք Օբամա եւ Ռեջեփ Էրդողան. (Պահոցից)
Բարաք Օբամա եւ Ռեջեփ Էրդողան. (Պահոցից)

Թուրքիայում կիրակի օրը հանդիպելու են Մեծ քսանյակի ղեկավարները՝ քննարկելու համար հիմնականում տնտեսական հարցեր ու խնդիրներ։ Գագաթաժողովի ընթացքում, որն ավարտվելու է երկուշաբթի օրը, նրանց ուշադրության կենտրոնում է լինելու նաեւ Սիրիայում եւ Իրաքում շարունակվող հակամարտությունների խորացումը։ Գագաթաժողովին մասնակցելու է 13 հազար պաշտոնյա ու պատվիրակ, 3ՕՕՕ լրագրող։

՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորմանը տապալելու նպատակով ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող դաշինքը մեծապես զգում է ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի աջակցության կարիքը։ Եվ ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման կիրակի օրը հանդիպում է ունենալու Թուրքիայի իր պաշտոնակից Ռեջեփ Էրդողանի հետ, ում հեռախոսով շնորհավորել էր ընտրություններում նրա կուսակցության հաղթանակի առիթով։ Ի դեպ Օբաման դա արել էր ընտրություններից տասն օր անց միայն եւ գագաթաժողովից ընդամենը երկու օր առաջ։

Էրդողանի հասցեին Արեւմուտքում նախկինում հաճախ են հնչել մահմեդական ժողովրդավար պետություն հիմնելու գովեստի խոսքեր։ Սակայն նա այժմ ավելի հաճախ ենթարկվում է քննադատությունների՝ հատկապես ընտրություններում հաղթանակ տանելուց հետո իր ընդդիմադիրների ու մամուլի դեմ իրականացվող բռնությունների համար։

Չնայած ընդհանուր շահերին, փոքր չեն տարբերությունները ԱՄՆ-ի ու Թուրքիայի հետաքրքրություններում։ Այդ տարբերությունների շարքում է ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ քուրդ մարտիկների նկատմամբ նրանց վերաբերմունքը։ Թուրքիան մտահոգված է, որ Քրդական աշխատավորական կուսակցության հետ համագործակցող Սիրիայի քրդական ուժերի հաջողությունը մարտի դաշտում կարող է սպառնալ Թուրքիայի տարածքային ամբողջականությանը։

Ինչպես Մերձավոր Արեւելքի հարցերով փորձագետ Մայքըլ Գյունթերն է ասում. ՝՝Թուրքիան ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորմանը երբեք չի դիտել որպես սպառնալիք իր համար, ու քանի դեռ այն մնում է նույն դիրքերում, ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հակասությունները շարունակվելու են՛՛։ Հակասություններն ակնհայտ կերպով նկատելի են եղել նաեւ Օբամայի ու Էրդողանի շփումներում։ Չնայած Թուրքիան խոստացել է մարտնչել ընդդեմ ծայրահեղական այս խմբավորման, Անկարայի ջանքերը դեռեւս ուղղված են ընդդեմ Քրդական աշխատավորական կուսակցության եւ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ մարտնչող քրդական այլ խմբերի։

Գագաթաժողովի շրջանակներում Օբաման հանդիպելու է Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի ու Իտալիայի ղեկավարներին, սակայն ինչպես Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սյուզըն Ռայսն է ասել, Ռուսաստանի նախագահի հետ պաշտոնական հանդիպում ծրագրված չէ։

Նա ավելացրել է սակայն, որ՝՝Ինչպես հաճախ է պատահում նման գագաթաժողովների ընթացքում, այս անգամ եւս ակնակալում ենք, որ կլինի՛ հանդիպում անցկացնելու լավ հնարավորություն՛՛։

Թուրքիայում Մեծ քսանյակի գագաթաժողովից հետո Օբաման անցկացնելու է մամուլի ասուլիս, որից հետո սկսելու է վեցնօրյա ուղեւորություն դեպի ասիական երկրներ, որտեղ քննարկումների առարկա է լինելու վերջերս ստորագրված Միջխաղաղօվկիանոսյան գործընկերության համաձայնագիրը։

XS
SM
MD
LG