Մատչելի հղումներ

Թրամփ. Եթե Պուտինն ուզում է ահաբեկիչների վերջը տալ, ես կողմ եմ


ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցության հերթական բանավեճի ընթացքում առաջատար թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը կրկին անգամ առաջարկել է Մեքսիկայի սահմանի վրա պատ կառուցել, իսկ Միացյալ Նահանգներում գտնվող ապօրինի շուրջ 12 միլիոն ներգաղթյալներին՝ վտարել երկրից.

«Մենք այլընտրանք չունենք, չունե՛նք»:

Հանրապետական կուսակցության մյուս թեկնածուներին սակայն ապօրինի ներգաղթյալների խնդրի լուծման այդ ձեւը համոզիչ չի թվում:

«Տասներկու միլիոն ապօրինի ներգաղթյալ վտարելն անհնար է եւ դա դեմ է ամերիկյան արժեքներին», - պատասխանել է Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը:

Բանավեճի ամենասուր քննարկումներից մեկն առաջացավ Ֆլորիդայի սենատոր Մարքո Ռուբիոյի կողմից առաջարկված ռազմական ծախսերի ավելացման շուրջ, ինչը, մյուս թեկնածուների կարծիքով, սխալ է, հաշվի առնելով տնտեսության դեմ ծառացած մյուս մարտահրավերները: Ռուբիոն սակայն անկոտրուն էր.

«Մենք նույնիսկ տնտեսություն չենք ունենա, եթե չապահովենք անվտանգությունը: Մերձավոր Արեւելքում ծայրահեղականները գլխատում են քրիստոնյաներին, Իրանում այլ ծայրահեղականներ փորձում են միջուկային զենք ստեղծել, իսկ չինացիները մեզ Հարավչինական ծովից դուրս են հանում»:

Խոսվեց նաեւ Ռուսաստանի մասին: Ասելով, որ լավ ծանոթ է Վլադիմիր Պուտինին,Դոնալդ Թրամփն ավելացրեց.

«Եթե Պուտինը ցանկանում է գնալ եւ «Իսլամական պետություն» խմբավորման վերջը տալ, ես կողմ եմ, 100 տոկոսով»:

Հատկանշական է, որ վերջին շաբաթների ընթացքում Թրամփին աջակցող հանրապետականների թիվն իջել է եւ առաջին տեղը ներկայում նա գրեթե կիսում է մեկ այլ թեկնածու, նախկին նյարդավիրաբույժ Բեն Քարսոնի հետ, որը Թրամփից ընդամենը 0,4 տոկոսով է հետ: Երրորդ տեղում է հանրապետականների 12 տոկոսի աջակցությունը վայելող Մարքո Ռուբիոն:

XS
SM
MD
LG