Մատչելի հղումներ

Արդյո՞ք ռումբն է եղել ռուսական «Մեթրոջեթ» ընկերության օդանավի կործանման պատճառը


Արդյո՞ք ռումբն է եղել ռուսական «Մեթրոջեթ» ընկերության օդանավի կործանման պատճառը
Արդյո՞ք ռումբն է եղել ռուսական «Մեթրոջեթ» ընկերության օդանավի կործանման պատճառը

Միացյալ Նահանգներն ու Մեծ Բրիտանիան չեն բացառում, որ Եգիպտոսի Սինայի թերակղզում ռուսական օդանավի կործանման պատճառը եղել է ռումբը: Սակայն Ռուսաստանի և Եգիպտոսի տեսանկյունը այլ է:

Չնայած այն հանգամանքին, որ նախորդ շաբաթ օրը ռուսական օդանավի կործանման շուրջ բազմաթիվ հարցականներ կային, այնուամենայնիվ օդանավից դուրս բերված ձայնագրիչ սարքը վկայում է օդանավում ռումբի առկայության մասին:

Եգիպտոսցի հետաքննիչ Այման Էլ-Մոքադեմը ասում է,- «Օդանավում տեղադրված ձայնագրիչ սարքը պայթյունից առաջ աղմուկ է գրանցել»:

Մինչ օդանավի կործանման և 244 անձանց մահվան պատճառների շուրջ փորձաքննությունը ընթացքի մեջ է, համացանցում, շարունակում են վերբեռնել կործանման պատասխանատվությունը ստանձնելու շուրջ տեսագրություններ։

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման տեսագրությունում ասվում է,- «Աստծո օգնությամբ, Սինայի թերակղզում խալիֆայության զինվորներին հաջողվեց կործանել ռուսական օդանավը»:

Միացյալ Նահանգների պաշտոնյաները այս հարցի շուրջ ունեն իրենց կարծիքները:

Ներկայացուցիչների պալատի հանրապետական կոնգրեսական Փիթըր Քինգը ասում է,- «Ես գրեթե համոզված եմ, որ ինքնաթիռը կործանվել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կամ նրանց աջակիցների կողմից»:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆֆը ասում է,- «Իսլամական պետություն» խմբավորումը զբաղեցրել է Ալ-Քաիդայի տեղը, որպես աշխարհի ամենաահարկու ահաբեկչական խմբավորում:

Ադամ Շիֆֆը նաև նշում է, թե չի բացառվում, որ ահաբեկչական խմբավորումը աջակիցներ է ձեռք բերել օդանավակայանի անձնակազմի շարքերում: Եվ եթե դա այդպես է, ապա տարածաշրջանում կան տասնյակից ավելի վտանգված օդանավակայաններ:

ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քամերոնը հայտարարել են, որ օդանավը հավանաբար կործանվել է դրանում տեղադրված ռումբի պատճառով: Սակայն Ռուսաստանի և Եգիպտոսի պաշտոնյաները դեռևս մերժում են այդ հավանականությունը: Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին էլ իր հերթին հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորումը իր անունը օդանավի կործանման հետ կապելով, պարզապես փորձում է վնասել Եգիպտոսի զբոսաշրջությանն ու տնտեսությանը:

Ռուսատսանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ռումբի մասին խոսակցությունները անվանել է պարզապես ենթադրություններ: Սակայն “Ռասիսկայա Գազետա» թերթին տված իր հարցազրույցում Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ օդանավի կործանումը կարող է ահաբեկչության գործողության արդյունք լինել: Այդուհանդերձ Պուտինը հետաձգել է դեպի Եգիպտոս բոլոր չվերթները, քանի դեռ օդանավի կործանման բոլոր փաստերը չեն բացահայտվել:

Ռուսաստանի հետ միասին, Մեծ Բրիտանական և Եվրոպական ավիաուղիները նույնպես հետաձգել են Եգիպտոսի Շարմ Էլ Շեյխի հանգստավայրեր մեկնող բոլոր չվերթները: Իսկ Միացյալ Նահանգները պարզապես խստացրել է Եգիպտոսից մեկնող օդանավերի անվտանգության միջոցները:

XS
SM
MD
LG