Մատչելի հղումներ

Մոսկվան պետք է Ասադից պահանջի դադարեցնել սեփական ժողովրդի ռմբակոծումները


Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են Սիրիայում դրական համագործակցություն հաստատել, համոզված են ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաները։
Մոսկվան եւ Վաշինգտոնը կարող են Սիրիայում դրական համագործակցություն հաստատել, համոզված են ԱՄՆ-ի պետքարտուղարության պաշտոնյաները։

Միացյալ Նահանգները կարող է Ռուսաստանի հետ համագործակցություն զարգացնել Սիրիայում, Կոնգրեսում անցած լսումների ընթացքում հայտարարել է Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալ Վիկտորիա Նուլանդը, որի խոսքով, նման համագործակցությունը կախված է ռուսական կողմի պատրաստակամության աստիճանից.

«Սիրիայում Ռուսաստանի հետ մեր համագործակցության որակը կախված է Մոսկվայի կողմից արվող ընտրություններից»:

Նուլանդը հիշեցրել է, որ Սիրիայում ռուսական ռազմական գործողությունները, որոնք ուղղված են առաջին հերթին Սիրիայի ընդդիմության դեմ, ավելացնում են նաեւ սիրիացիների հոսքը դեպի Եվրոպա: Արեւմուտքի հետ դրական համագործակցություն հաստատելու համար Ռուսաստանին անհրաժեշտ է առաջին հերթին պայքար մղել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչների դեմ, համոզված է Վիկտորիա Նուլանդը.

«Աջակցության դիմաց Ռուսաստանը պետք է Ասադից պահանջի նաեւ դադարեցնել սեփական խաղաղ բնակչության ռմբակոծումները»:

Պետքարտուղարի տեղակալը նշել է, որ Վիենայում հակաահաբեկչական դաշինքի եւ Ռուսաստանի միջեւ անցած հանդիպման ընթացքում որոշ հարցերի շուրջ Մոսկվան իր համաձայնությունն է տվել.

«Նրանք համաձայնել են ընդհանուր մոտեցման հետ, որ անհրաժեշտ է հրադադար, անհրաժեշտ է անցումային կառավարություն եւ անհրաժեշտ են ընտրություններ: Անհամաձայնության միակ հարցն այն է, թե որ փուլում է Ասադը ասպարեզից դուրս գալու»:

Հատկանշական է, որ Սպիտակ տունն ու Կոնգրեսը հավասարակշռող համակարգը կրկին ապացուցեց իր արդյունավետությունը: Այսպես, լսումների ընթացքում Կոնգրեսի հանրապետական մեծամասնությունը քննադատության ենթարկեց դեմոկրատ Օբամայի աշխատակազմի քաղաքականությունը Սիրիայում: Մասնավորապես, կոնգրեսական Դենա Ռորաբահերը հիշեցրել է, որ տարիների ընթացքում Իրաքում գտնվող ամերիկյան զորքերի մասին կեղծ մեղադրանքներ էին տարածվում, որոնք այնուհետեւ հերքվում էին.

«Հնարավոր չէ՞ արդյոք, որ Ասադի վայրագությունների մասին ստացվող որոշ զեկույցներ չափազանցված են»:

Լսումների վերջում Վիկտորիա Նուլանդը կարեւորեց, որ Սիրիայի դեպքում անհրաժեշտ է պահպանել պետական ինստիտուտները՝ միեւնույն ժամանակ ժողովրդին թույլ տալով ազատ ընտրությունների միջոցով ընտրել իր ղեկավարներին:

XS
SM
MD
LG