Մատչելի հղումներ

Հայաստանը տարածաշրջանում կարող է դառնալ արեգակնային էներգիայի կենտրոն


Հայաստանը կարող է արեգակնային էներգիայի տարածաշրջանային կենտրոն դառնալ, համոզված է ոլորտի մասնագետ, գործարար Զանգու Արմենյանը:
Հայաստանը կարող է արեգակնային էներգիայի տարածաշրջանային կենտրոն դառնալ, համոզված է ոլորտի մասնագետ, գործարար Զանգու Արմենյանը:

Հայաստանը կարող է արեգակնային էներգիայի կենտրոն դառնալ տարածաշրջանում, «Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում պատմում է Հարավային Կալիֆորնիա-Էդիսոն խոշոր ընկերության Արտաքին կապերի տնօրեն Զանգու Արմենյանը: Արմենյանը, որը վերջերս Պետքարտուղարություն կողմից ստեղծված պատվիրակության շրջանակներում Հայաստանում էր, համոզված է, որ արեգակնային էներգիան խոստումնալից ոլորտներից է եւ Հայաստանը մեծապես կշահի դրա զարգացումից.

«Այն կարող է Հայաստանի համար նոր տնտեսություն ստեղծել եւ տնտեսական օգուտ բերել, հատկապես՝ նոր աշխատատեղերի եւ երիտասարդների համար նոր մասնագիտությունների ստեղծման առումով»:

Ոլորտի իրական զարգացումն ապահովելու համար դրա մեջ անհրաժեշտ է ներգրավվել մասնավոր ընկերություններին, համոզված է Զանգու Արմենյանը, սակայն ներկայումս Հայաստանի արեգակնային ոլորտն արտերկրյա ներդրողի համար բավարար հետաքրքրություն չի ներկայացնում: Դրա համար սկզբում անհրաժեշտ է ոլորտի կայուն զարգացման հիմքեր դնել Միացյալ Նահանգների եւ Հայաստանի Հանրապետության կառավարությունների եւ դոնոր-կազմակերպությունների միջոցների օգնությամբ, որից հետո նախագիծը հնարավոր կլինի հետաքրքիր դարձնել մասնավոր ներդրողի համար: Գործարարը նաեւ ընդգծում է Հայաստանի իշխանությունների կարեւոր աշխատանքը.

«Ճիշտ ուղղության վրա է կառավարությունը, որը փորձում է արտերկրյա ընկերությունների համար այդ ոլորտն ավելի հետաքրքիր դարձնել»:

Գործարարը հիշեցնում է, որ վերականգնվող, այդ թվում՝ արեգակնային էներգիան ամենաարագ ընդլայնվող եւ տեխնոլոգիապես առաջատար ոլորտներից մեկն է, եւ Հայաստանում դրա զարգացումը նոր աշխատատեղերից եւ տնտեսական օգուտներից բացի, թույլ կտա նաեւ զարգացնել իր էներգետիկ անկախությունը: Հարցն առավել մեծ կարեւորություն է ստանում, եթե հաշվի առնենք, որ հանրապետության էլեկտրաէներգիայի մեկ երրորդն ապահովող Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետն ի վերջո լրանալու է, իսկ նոր ատոմակայանի կառուցման համար անհրաժեշտ 6-8 միլիարդ դոլարը հսկայական գումար է, որը դեռեւս չի հայթայթվել.

«Մյուս ընտրությունն այն է, որ զարգացվեն արեգակնային եւ այլ էներգիայի աղբյուրներ, որոնք Մեծամորի արտադրած էներգիայի տեղը գրավեն, եւ որոնք ավելի փոքր գումարների հետ կապված լինեն», - ասում է Արմենյանը:

Միջուկային երկրորդ կայան կառուցելու մտադրությունից զատ, Հայաստանում վերարտադրվող եւ առաջին հերթին՝ արեգակնային էներգիայի զարգացումը կարեւորագույն եւ խոստումնալից ոլորտ է, որի սկիզբը պետք է դրվի արդեն հիմա:

XS
SM
MD
LG