Մատչելի հղումներ

Հայ համայնքը ողջունում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նորընտիր խոսնակին


Միացյալ Նահանգների հայ համայնքը ողջունել է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ընտրված Փոլ Ռայանին:

Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի նոր նախագահ դարձած 45-ամյա հանրապետական Փոլ Ռայանը վերջին 150 տարիների ընթացքում ԱՄՆ-ի երրորդ ամենակարեւոր պաշտոնը զբաղեցնող ամենաերիտասարդ քաղաքական գործիչն է: Ռայանն այդ պաշտոնը հրաժարվում էր զբաղեցնել, որպես նախապայման պահանջելով սեփական կուսակիցներից միասնություն ցուցաբերել: Այս անգամ եւս, երդման արարողությանը հետեւած իր ելույթը նորընտիր խոսնակը սկսեց հավատքի եւ միասնության կոչով.

«Մեր ուսերին ծանր բեռ է, այնպես որ, եթե աղոթում եք, եկեք աղոթենք միմյանց համար, հանրապետականները թող աղոթեն դեմոկրատների, իսկ դեմոկրատները՝ հանրապետականների համար»:

Փոլ Ռայանի խոսքով, Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է արմատական բարեփոխումներ կատարել՝ ամերիկացիների կյանքի բարելավման ուղղությամբ.

«Էլ ոչ մի արտոնություն ընտրյալների համար, այսուհետ՝ հնարավորություններ բոլորի համար»:

Փոլ Ռայանի ընտրությունը խոսնակի պաշտոնում ողջունել են Միացյալ Նահանգների հայկական կազմակերպությունները, որոնց ներկայացուցիչների խոսքով, կոնգրեսական ընտրվելուց ի վեր Ռայանն աջակցել է հայ-ամերիկյան բարեկամության ամրապնդմանը:

«Տարեց տարի նա աջակցություն է ցուցաբերել Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված օրինագծերի», - ասում է Ամերիկայի Հայկական Համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Բրայան Արդունիի խոսքով, 1998-ին կոնգրեսական դառնալուց ի վեր, Փոլ Ռայանն անընդմեջ աջակցել է Հայաստանի հետ քաղաքական եւ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը.

«Եթե նայեք այս փաստաթղթերին, կտեսնեք, որ Փոլ Ռայանը 2001-ին ստորագրել է նախագահ Բուշին հղված այս նամակը, 2002-ին՝ ահա Փոլ Ռայանի ստորագրությունը, 2004-ին՝ կրկին ստորագրված է Փոլ Ռայանի կողմից, ինչպես նաեւ այս մեկը՝ 2005-ին»:

28 տարեկանում ընտրվելով Վիսքոնսինի կոնգրեսական՝ Փոլ Ռայանը նաեւ սերտ համագործակցություն է հաստատել տեղի հայ համայնքի հետ եւ այդ կապն անընդհատ շարունակվել է, պատմում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչ Եղիսաբեթ Չուլջյանը.

«2007-ին, երբ Հրանտ Դինքը Պոլսում ենթարկվեց ահաբեկչական հարձակման, կոնգրեսական Ռայանը զորակցեց այդ հարձակումը դատապարտող բանաձեւի ընդունմանը»։

Եղիսաբեթ Չուլջյանի խոսքով, Միացյալ Նահանգներում բնակվող հայերը մտադիր են շարունակել արդեն խոսնակ Ռայանի հետ ջերմ հարաբերությունները:

XS
SM
MD
LG