Մատչելի հղումներ

Առցանց ահաբեկիչներին անհրաժեշտ է կոշտ հակազդեցություն


«Իսլամական պետություն» խմբավորման այն բոլոր կողմնակիցները, որոնք ձերբակալվել են Միացյալ Նահանգներում, ծայրահեղական գաղափարախոսության են հասել ինտերների եւ մասնավորապես՝ սոցիալական ցանցերի օգնությամբ: Այս մասին են հայտարարել են փորձագետները՝ ելույթ ունենալով Կոնգրեսի անցած լսումներից մեկի ժամանակ:

Ծայրահեղականության դեմ պայքարի նախագծի ղեկավար Մարք Վալլասը նշում է, որ ահաբեկիչների կողմից մասնագիտորեն օգտագործվող սոցիալական ցանցերի միջոցով ծայրահեղականության մեջ են ներքաշվում հատկապես երիտասարդները.

«Այսօր Թվիթերի առնվազն 43,000 գործող էջ կրկնում եւ տարածում է «Իսլամական պետություն» խմբավորման ատելության եւ սարսափի հաղորդագրություններ»:

Հատկանշական է, որ լսումներին մասնակցող փորձագետներին հատկապես վրդովվեցրել է Թվիթեր սոցցանցի դիրքորոշումը, որն ի տարբերություն Ֆեյսբուկի կամ Գուգըլի, չի շտապում հանել ծայրահեղական կոչերը:

«Այդ սոցիալական ցանցն այն վառելիքն է, որը սնուցում է ծայրահեղականացումը», ասում է Ահաբեկչության հետազոտման կենտրոնի ղեկավար Վալթեր Փըրդին:

Գործը հասել է նրան, որ որոշ փորձագետներ կոչ են անում կոնգրեսականներին ավելի կոշտ կանոններ մտցնել առցանց ահաբեկիչներին հակազդելու նպատակով:

«Եթե Թվիթերը եւ մյուս նման ցանցերը այս խնդրի կարգավորման ուղին ինքնուրույն չմշակեն, մեզ անհրաժեշտ է միջոց գտնել նրանց օգնելու կարգավորել խնդիրը», - ասել է Մարք Վալլասը:

Միացյալ Նահանգների օրենսդիրները, սակայն, խնդրին զգուշորեն են մոտենում` փորձելով միեւնույն ժամանակ հարգել մարդու խոսքի ազատության իրավունքը: Կոնգրեսականներից շատերի կարծիքով, ահաբեկչության դեմ պայքարելու լավագույն զենքը հենց ժողովրդավարությունն ու ազատությունների նկատմամբ հարգանքն է.

«Որտե՞ղ եք դուք գծում այն սահմանը, որից այն կողմ գրառումները վտանգավոր են համարվում», - հարց է տալիս կոնգրեսական Սթիվեն Լինչը:

Այսպես, եթե ահաբեկիչների կողմից սպանությունների տեսագրությունների կամ սպանության դրդող կոչերի դեպքում դրանց արգելափակման հարցը բավականին պարզ է, ապա որոշ կարծիքների արգելափակումը կարող է բավականին վիճելի հարց հանդիսանալ:

XS
SM
MD
LG