Մատչելի հղումներ

Քլինթընը՝ հանրապետական կանգրեսականների գրոհի ներքո


Կոնգրեսի լսումների ընթացքում Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ուժեղ քննադատության ենթարկեցին Հիլարի Քլինթընին:

Հիլարի Քլինթընը սուր քննադատության արժանացավ Կոնգրեսի մեծամասնությունը ներկայացնող հանրապետականների կողմից:

«Ինչո՞ւ էինք մենք Լիբիայում, ի՞նչ էինք մենք անում Լիբիայում», - հայտարարեց պահպանողական հանրապետական ներկայացուցիչ Թրեյ Գոուդին` բացելով կոնգրեսական լսումները:

Քլինթընը որպես վկա էր հրավիրվել կոնգրեսական հանձնաժողովի լսումներին: Հանձնաժողովն ուսումնասիրում է 2012-ին Լիբիայի Բենգազի քաղաքում ամերիկյան դեսպանատան դեմ իրականացված գրոհը, որի ընթացքում ահաբեկիչների կողմից չորս ամերիկացի էր սպանվել, այդ թվում՝ Լիբիայում Միացյալ Նահանգների դեսպանը:

Հանձնաժողովի պահպանողական հանրապետական ղեկավար Թրեյ Գոուդին հայտարարեց, որ ինքը ցանկանում է բացահայտել ողջ ճշմարտությունը տեղի ունեցածի մասին.

«Մեզ անհրաժեշտ է ճշմարտությունն այն մասին, թե ինչ էր տեղի ունենում եւ ինչպիսի՞ քննարկումներ էին Վաշինգտոնում այն ժամանակ, երբ մեր քաղաքացիները հարձակման էին ենթարկվում»:

Հանրապետական կոնգրեսականների կարծիքով, Հիլարի Քլինթընը, որն այդ ժամանակ երկրի պետքարտուղարն էր, կիսում է դեսպանին եւ աշխատակիցներին բավարար չպաշտպանված դեսպանատուն ուղարկելու պատասխանատվությունը:

Քլինթընն իր կողմից հայտնեց, որ թեեւ պատասխանատվություն չէր կրում դեսպանատան անվտանգության համար, այնուամենայնիվ, պատրաստ է կիսել այն, միեւնույն ժամանակ ավելացնելով.

«Ամերիկան պետք է առաջնորդի նաեւ այս վտանգավոր աշխարհը եւ մեր դիվանագետները պետք է շարունակեն մեզ ներկայացնել նաեւ վտանգավոր վայրերում»:

Հատկանշական է, որ հենց հանձնաժողովի ներսում Քլինթընը նաեւ լուրջ աջակցություն ստացավ դեմոկրատ կոնգրեսականների կողմից, որոնց կարծիքով, այս լսումներով հանրապետականները փորձում են վնասել Քլինթընի նախագահական ընտրապայքարին, քանի որ փոխնախագահ Ջո Բայդենի ընտրապայքարին չմիանալուց հետո, Հիլարի Քլինթընը մնում է Դեմոկրատական կուսակցության հիմնական թեկնածուն:

XS
SM
MD
LG