Մատչելի հղումներ

Պենտագոնը Ռուսաստանի հետ փոխըմբռնման հռչակագիր է ստորագրել


Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները փոխըմբռնման հռչակագիր են ստորագրել՝ Սիրիայի երկնքում անվտանգության վերաբերյալ, հայտնել են Պենտագոնում: Ամերիկյան պաշտպանական գերատեսչության մամլո խոսնակ Փիթեր Քուքի խոսքով, ստորագրված փաստաթուղթը ամերիկյան եւ ռուսական օդային ուժերի միջեւ պահեստային հաղորդակցություն է հաստատում, որը թույլ կտա խուսափել որեւէ բախումից Սիրիայի օդում.

«Այն համագործակցության գոտիներ չի հաստատում ոչ էլ նախատեսում է հետախուզական որեւիցե տեղեկատվությունների փոխանակում: Այն չի նշանակում ռուս-ամերիկյան համագործակցության սկիզբ կամ ԱՄՆ-ի կողմից Ռուսաստանի քաղաքականության աջակցություն»:

Ավելին, Քուքն ընդգծել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայում Ռուսաստանի գործողությունները վնասակար է համարում: Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայից վերադարձած զինվորականների հետ հանդիպման ընթացքում ընդգծել է, որ ահաբեկչության տարածման վտանգը Ռուսաստանում ստիպել է Մոսկվային կոշտ քայլերի դիմել.

«Այդ վտանգները կանխելու նպատակով, Ռուսաստանը Սիրիայում ուժային գործողություններ է սկսել»:

Նշենք, որ Սիրիայում մարդու իրավունքների կազմակերպությունը հայտարարել է, որ Ռուսաստանի հրթիռներից առնվազն մի քանի տասնյակ քաղաքացիական անձինք են զոհվել: Տեղեկությունը հաստատել են նաեւ Հալեպի մոտակայքում աշխատող մի շարք բժիշկներ, որոնցից մեկն է Աբու Ահմադ ալ-Շամը.

«Զոհերի մեջ կային կանայք եւ երեխաներ: Ինչպես տեսնում եք, այստեղ զանգվածային ավերածություններ են: Չգիտեմ, թե ինչ տեսակի հրթիռներ են օգտագործվում, սակայն այս ամենը ռուսական ինքնաթիռների գրոհի արդյունք է»:

Միեւնույն ժամանակ, վերլուծաբանների կարծիքով ուժասպառ եղած սիրիական բանակը լուրջ հաջողությունների չի հասել, չնայած իրեն օդից աջակցող ռուսական բանակի կողմից այս ընթացքում կատարած ավելի քան 500 հարվածների, որոնց մեծ մասը, պնդում են պետքարտուղարությունում, ուղղված են ոչ թե «Իսլամական պետություն» խմբավորման այլ Ասադի դեմ պայքարող սիրիական ընդդիմության դեմ:

XS
SM
MD
LG