Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դեմոկրատները պատրաստվում են առաջին բանավեճին


Երեքշաբթի երեկոյան Լաս Վեգասում կանցնի Միացյալ Նահանգների Դեմոկրատական կուսակցության նախագահական հինգ թեկնածուների առաջին բանավեճը: Հիլարի Քլինթոնն իր 42 տոկոսով գրավելու է բեմի կենտրոնական մասը, իսկ նրա աջ կողմում գտնվելու է իր 25 տոկոսով երկրորդ տեղը զբաղեցնող Վերմոնթի սենատոր Բերնի Սենդերսը:

Պետքարտուղարի պաշտոնում անձնական էլեկտրոնային փոստի օգտագործման հետ կապված սկանդալը Քլինթոնի աքիլլեսյան գարշապարն է։ .

«Դա սխալ էր եւ ես ներողություն եմ խնդրում դրա համար»:

Հեղինակությունը բարձրացնելու նպատակով Քլինթոնը նույնիսկ զվարճալի Շաբաթ Երեկո ծրագրում մասնակցեց, որտեղ բարմենի դերով հանդես եկավ:

Քլինթոնի գլխավոր մրցակից սենատոր Բերնի Սենդերսը փորձում է ավելացնել կողմնակիցների թիվը պահպանողականների շնորհիվ.

«Մենք ապրում ենք աշխարհի պատմության ամենահարուստ երկրում, սակայն, ամերիկացիների մեծ մասը դրա մասին տեղյակ չէ, որովհետեւ այդ ամբողջ հարստությունն ու եկամուտը հասնում է մեկ տոկոսին միայն»:

Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն խորհուրդ է տվել իրեն հրավիրել դեմոկրատական բանավեճի եւ հիշեցրել է, որ դեմոկրատական թեկնածուների բանավեճին հետեւողների թիվը սպասումների համաձայն չի գերազանցի 2,5 միլիոնը, մինչդեռ իր մասնակցությամբ հանրապետական բանավեճին 23 միլիոն մարդ է հետեւել:

Սակայն կա եւս մեկը՝ սպասված դեմոկրատական թեկնածուն, ով երեքշաբթի հավանաբար բեմի վրա չի գտնվելու: Եթե նա այնուամենայնիվ որոշի ներկայանալ, դեմոկրատների բանավեճի նկատմամբ հետաքրքրությունը կտրուկ կբարձրանա: Դա փոխնախագահ Ջոն Բայդենն է, որի որդին՝ Բյու Բայդենը մայիսին հեռացավ կյանքից ուղեղի քաղցկեղի պատճառով։ Բայդենը որդու կորստից հետո դեռեւս չի կայացրել ընտրություններին մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում.

«Չեմ կարծում, թե որեւէ մեկը կարող է նախագահի պաշտոնի համար պայքարել, քանի դեռ, առաջինը՝ միանշանակ չի կողմնորոշվել, թե ինչի համար է ցանկանում նախագահ դառնալ, եւ երկրորդը՝քանի դեռ պատրաստ չէ այդ գործին նվիրվել ամբողջ հոգով ու սրտով»:

Կիրակի օրը փոխնախագահ Բայդենն անց է կացրել Դելավերում՝ ընտանիքի հետ: Վերլուծաբանների կարծիքով, փոխնախագահը դադար է վերցրել՝ ընտրություններին մասնակցելու վերաբերյալ վերջնական որոշում կայացնելու համար, ինչի մասին հայտարարություն կարելի է սպասել արդեն այս շաբաթ:

XS
SM
MD
LG