Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը վերանայում է իր ծրագրերը Սիրիայում


Միացյալ Նահանգները հիմնովին վերանայել է սիրիական ընդդիմության աջակցման իր ծրագիրը, հայտարարել է ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը: Նրա խոսքով, Սպիտակ տունը եւ Պենտագոնը բավարարված չեն ծրագրի ընթացքով եւ նախատեսում են փոխել դրա մարտավարությունը.

«Մենք դիտարկում ենք ռազմավարական նպատակին հասնելու այլ ճանապարհներ, իսկ նպատակն այն է, որ թույլ տանք տեղի ունակ ուժերին մաքրել տարածքը «Իսլամական պետություն» խմբավորումից եւ Սիրիայի հողն ազատել ծայրահեղականներից»:

Մանրամասնելով սպասվող փոփոխությունները՝ պետքարտուղարության խոսնակ Ջոն Քըրբին նշել է, որ Միացյալ Նահանգները Սիրիայի չափավոր ընդդիմության հետ համագործակցելու է այն ոլորտներում, որոնց արդյունավետությունն արդեն հաստատվել է.

«Անցյալում մենք խնդիրներ ենք ունեցել նրանց ուսուցման ծրագրի հետ կապված: Մինչդեռ սպառազինությունների ծրագիրը բավականին արդյունավետ է»:

Քըրբիի խոսքով, այսպիսով Միացյալ Նահանգները Սիրիայի չափավոր ընդդիմության ուսուցման ծրագրերի փոխարեն զարգացնելու է սպառազինությանն ուղղված ծրագրերը: Դրանից բացի, ԱՄՆ-ը շարունակելու է օգնություն տրամադրել Սիրիայի փախստականներին: ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Սամանթա Փաուելը հիշեցրել է, որ նախագահ Բարաք Օբաման վերջերս 419 միլիոն դոլարով ավելացրել է Սիրիայի փախստականներին ուղղվող օգնությունը, ինչի արդյունքում 2015-ին Միացյալ Նահանգները դարձել է փախստականներին խոշորագույն օգնությունը տրամադրած պետությունը:

Փորձագետների կարծիքով, վերջին զարգացումները վկայում են Մերձավոր Արեւելքում հնարավոր փոփոխությունների մասին: Այդ կապակցությամբ հատկանշական էր Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Խամենեիի վերջին հայտարարությունը, որով նա կոչ արեց արգելել ԱՄՆ-ի հետ բանակցությունները, ինչը կարող է վկայել Իրանում պահպանողականների եւ բարեփոխումների կողմնակիցների միջեւ ընթացող պայքարի մասին:

Մեկ այլ կարեւոր իրադարձություն տեղի է ունեցել Թուրքիայում. չնայած Անկարայի բողոքներին, Միացյալ Նահանգները Թուրքիայի տարածքից դուրս է բերել ամերիկյան Փեթրիոթ մակնիշի հրթիռները, որոնք մինչ այդ պաշտպանում էին թուրք-սիրիական սահմանը:

XS
SM
MD
LG