Ինչպես Թոփ Գիռ հեռուստատեսային հաղորդումը վերջերս ցուցադրեց, «Տոյոտա Հիլուքս Փիքափ» ավտոմեքենան շատ ամուր և դիմացկուն է: Այս մեքենան անխորտակելի է թվում, ինչի շնորհիվ լայն օգտագործման մեջ է պատերազմական գոտիներում, այդ թվում նաև այն հատվածներում, որոնք գտնվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերահսկողության ներքո։
Խմբավորման քարոզչական տեսանյութերում պարզ երևում է, որ նրանք օգտագործում են «Տոյոտա» մակնիշի «Փիքափ» և «Քրուզեր» ավտոմեքենաներ:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակա-ահաբեկչության հարցերով բաժանմունքը «Տոյոտա» ընկերությանը խնդրել է իրենց օգնել պարզելու, թե ինչպես է «Իսլամական պետություն» խմբավորումը նման մեծ քանակի, հին և նոր մոդելների ավտոմեքենաներ ձեռք բերել:
Մարք Ուոլլասը ասում է, որ մեքենաների քանակը շատ մեծ է, դրանք որևէ տեղից հափշտակելու համար:
Նախկին դիվանագետ և այժմ հակա-ծայրահեղականության ծրագրի ղեկավար Մարք Ուոլլասը կասկածում է, որ ահաբեկչական խմբավորման հովանավորները գնում են մեքենաները և դրանք փոխանցում խմբավորմանը:
Մարք Ուոլլասը ասում է, թե իրենք հավատացած են, որ վաճառքը չի իրականացվում անմիջապես «Տոյոտա» ընկերության վաճառակետերից: Դա մտահոգում է ԱՄՆ-ի կառավարությանը և դաշնակից երկրներին։
ԱՄՆ-ում Իրաքի դեսպանի խոսքերով «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը ունի հարյուրավոր նոր «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենաներ:
Լուքման Ֆեյլին զարմանք է արտահայտում, թե ինչպես կարող էր այս խմբավորումը ձեռք բերել այսքան նոր մեքենաներ։
«Տոյոտա» ընկերությունը հայտարարում է, որ իրենք չգիտեն թե «Իսլամական պետություն» խմբավորումը ինչպես է ձեռք բերում այս մեքենաները: «Տոյոտա»-ն սակայն չի թույլատրում, որ իր աշխատակիցները հայտնվեն հեռուստաընկերության տեսախցիկների առջև։
ԷյԲիՍի հեռուստաընկերությանը հղված ուղերձում «Տոյոտա»-ն հայտարարում է, թե չունի որևէ տեղեկություն այն մասին, որ իր վաճառակետերից որևէ մեկը ոտնահարում է ահաբեկչական խմբավորումներին իրենց արտադրանքը չվաճառելու մասին որոշումը։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության հակա-ահաբեկչության բաժանմունքը շարունակում է խոչընդոտել հսկայական քանակով կանխիկ գումարներով ահաբեկչական իր բանակը զինելու «Իսլամական պետություն» խմբավորման ջանքերը։