Մատչելի հղումներ

Քարթեր. Սիրիա մտնելով՝ Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործել


Սիրիա մտնելով՝ Ռուսաստանը ռազմավարական սխալ է գործել, հայտարարել է Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Էշթոն Քարթերը, ելույթ ունենալով Բրյուսելում անցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովում.

«Մենք Միացյալ Նահանգներում հավատացած ենք, որ դա խորը ռազմավարական սխալ է, որն արդյունքում կբորբողի եւ կերկարացնի քաղաքացիական պատերազմը Սիրիայում: Մենք չենք համաձայնել եւ չենք համաձայնելու համագործակցել Ռուսաստանի հետ այնքան ժամանակ, քանի դեռ այն շարունակում է այս սխալ ռազմավարությունը»:

Միեւնույն ժամանակ Քարտերն ավելացրել է, թե Միացյալ Նահանգները հույս ունի, որ Մոսկվան կշեղվի պարտության տանողիր ռազմավարությունից եւ կվերադառնա զարգացած հասարակություն.

«Ռուսաստանը կարող է փոխել ուղղությունը եւ ճիշտ ճանապարհ բռնել»:

Գագաթաժողովի շրջանակներում Ռուսաստանին դիմել է նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգը, ընդգծելով, որ Սիրիայում ճգնաժամը հնարավոր է հաղթահարել քաղաքական ճանապարհով.

«Ես Ռուսաստանին կոչ եմ անում «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարում կառուցողական դեր խաղալ»:

Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Սիրիայում Ռուսաստանի գործողություններն ուղղված են այդ երկրում իրավիճակի քաղաքական կարգավորմանը, եւ ռուսական զորքերը ոչնչացնում են առաջին հերթին ահաբեկիչներին.

«Սիրիայում ավիատիեզերային ուժերը հարվածներ են հասցնում բացարձակապես միջազգային ահաբեկչական խմբերի ներկայացուցիչների եւ նրանց հովանավորների դեմ, մինչդեռ նրանք, ովքեր ահաբեկիչներ չեն, ովքեր չեն համագործակցում ահաբեկչական խմբերի հետ, վախենալու ոչինչ չունեն»:

Անդրադառնալքվ խնդրին՝Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարը հիշեցրել է, որ թեեւ Սիրիա զորք մտցնելուց առաջ ռուսական կողմն այդ քայլը բացատրում էր «Իսլամական պետություն» խմբավորման եւ Ալ Նուսրայի դեմ պայքարի անհրաժեշտությամբ, այժմ ռմբակոծման են ենթարկվում բոլորովին այլ ուժեր:

XS
SM
MD
LG