Երկարատեւ ընդմիջումից հետո Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի եւ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի միջեւ Նյու Յորքում կայացած հանդիպումը կարող է կողմերի միջեւ լարվածության թուլացման ճանապարհի սկիզբը դառնալ: Պետքարտուղար Ջոն Քերրին ավելի վաղ հայտարարել էր, որ կողմերը կփորձեն պայմանավորվածության գալ գլոբալ մարտահրավերներին հակազդելու վերաբերյալ.
«Սա սկիզբն է մեր ջանքերի, որոնք ուղղված են հակամարտության իջեցման ճանապարհներ հայթայթելուն»:
Միեւնույն ժամանակ, վերլուծաբանների սպասումները հանդիպումից մեծ չեն: Քարնեգիի հաստատության փորձագետ Փերրի Քեմմեքի կարծիքով, Ռուսաստանը փորձել է հանդիպման ընթացքում Միացյալ Նահանգների հետ համաձայնեցնել Սիրիայում իր ներկայությունը.
«Ես արմատական բեկում չեմ սպասում, սակայն հույս ունեմ, որ սա գործընթացի սկիզբը կարող է լինել»:
Հատկանշական է, որ ՄԱԿ-ի իր ելույթում նախագահ Օբաման արդեն իսկ անուղղակիորեն պատասխանել է Ռուսաստանի կողմից Սիրիայի նախագահին աջակցելու պահանջին, նշելով, որ չի կարելի հաշտվել անօրինության հետ՝ ավելի վատ ապօրինության վտանգի պատրվակով.
«Այդ տրամաբանությամբ մենք պետք է աջակցենք Բաշար ալ Ասադի նման բռնապետների, որոնք բարելային ռումբերով ռմբակոծում են անմեղ երեխաներին, քանի որ այլընտրանքն ավելի վատն է»:
Հակազդելով Օբամային՝ Վլադիմիր Պուտինն իր ելույթում նշել է, որ խաղի կանոնները Մոսկվայի կարծիքով փոխվում են առանց Ռուսաստանին դրա մասին տեղյակ պահելու.
«Աշխարհում ստեղծվող իրավիճակին արդեն անհնար է դիմանալ»:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների կողմից ահաբեկչության դեմ պայքարի հետագա ընթացքին՝Հանրային դիվանագիտության եւ Հանրային կապերի գծով պետքարտուղարի տեղակալ Ռիչարդ Սթենգելն ընդգծել է, որ այն իր մեջ է ներառում բազմաթիվ բաղադրիչներ, այդ թվում կրթական եւ լրատվական.
«Իսլամական Պետություն» խմբավորումը որսում է երիտասարդների ... առաջին հերթին՝ անհատական կապ հաստատելով: Ոչ ոք չի դառնում ծայրահեղական Յութուբի տեսահոլովակ դիտելիս»: