Մատչելի հղումներ

Թալիբանը զավթում է նոր տարածքներ Աֆղանստանում


Աֆղանստանում Թալիբան շարժումը գրավել է Քունդուզի գավառի նույնանուն մայրաքաղաքի մի քանի կարեւոր հատվածներ։ Այն բանից հետո, երբ անցյալ տարի ՆԱՏՕ-ի ուժերի հիմնական մասը դուրս բերվեց Աֆղանստանից, իսլամիստական այս շարժման ջոկատները երկրորդ անգամ են գրոհներն ուղղում ընդդեմ Քունդուզի։ Մի քանի ժամվա ընթացքում նրանց հաջողվել է գրավել պետական մի քանի հաստատությունների պատկանող շենքեր։ Թալիբանը փակել է քաղաքից դուրս տանող ու այստեղ բերող ճանապարհների մեծ մասը։ Փակ են դպրոցները։ Նրանք գրավել են նաեւ հիվանդանոցը ու այնտեղից նկարներ վերբեռնել համացանցում։

Թալիբանի խոսնակը Թվիթերի միջոցով կոչ է արել քաղաքի բնակիչներին մինչեւ գրոհների ավարտը մնալ տներում։ Ի դեպ, այս նահանգի գրեթե 7Օ տոկոսը գտնվում է Թալիբանի վերահսկողության ներքո։

Հարձակման ընթացքում Թալիբանի 25 զինյալ է սպանվել. քաղաքացիական 4 անձինք եւ երկու ոստիկաններ են զոհվել։ Վիրավորների շարքում կա 5Օ քաղաքացի։
Ամենաթեժ մարտերն ընթացել են քաղաքային բանտի շուրջը, որտեղ պահվող 5ՕՕ կալանավորների մեծ մասը Թալիբանի անդամներ են։ Սակայն մինչեւ բանտը Թալիբանի կողմից գրավվումը, իշխանություններին հաջողվել է բանտից ժամանակին Քաբուլի բանտ տեղափոխել Թալիբանի ավագ անդամներին։

Ինչպես Աֆղանստանի բանակի հրամանատարներն են ասում, բանակային հավելյալ ուժեր ու հատուկ ջոկատներ են ուղարկվել դեպի Քունդուզ, որոնց շուտով օգնության են հասնելու օդային ուժերը։ Սակայն եթե զորքերի համալրումը տեղի չունենա մի քանի ժամվա ընթացքում, Քունդուզը կանցնի Թալիբանին։

Քունդուզն ունի ռազմավարական մեծ նշանակություն՝ այն ելք է դեպի երկրի հյուսիսային գավառներ ու սահմանակից է Տաջիկստանին։

Այն նաեւ խորհրդավոր նշանակություն ունի Թալիբանի համար, քանի որ մինչեւ Աֆղանստանում իրենց իշխանության տապալումը, Թալիբանը Քունդուզը հայտարարել էր իր կենտրոնակայան։

Ինչ վերաբերում է երկրի կառավարական ուժերին, պետք է ասել, որ նրանք շարունակում են թուլանալ, ամբողջ երկրի տարածքում նրանց դեմ իրականացվող հարձակումների արդյունքում։ Ինչ վերաբերում է Քունդուզի ժողովրդին, նրանց մեծ մասը հայտնվել է բարոյալքված իրավիճակում, երբ տեղի իշխանությունները զբաղված են հիմնականում անձնական շահերը հետապնդելով։

XS
SM
MD
LG