Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջեւ հարաբերությունները սրվելու միտում ունեն


Անկարան ու Վաշինգտոնը կարող են կանգնել նոր ու շատ սուր հակասությունների առջեւ։ Թուրքիային մտահոգում է այն հանգամանքը, որ ԱՄՆ-ը աջակցում է Ժողովրդի պաշտպանության ջոկատներ անվանումը կրող բանակում Սիրիայի քրդական ջոկատներին։


ԱՄՆ-ի պետդեպարտամենտի խոսնակ Ջոն Քըրբին այս շաբաթասկզբին գովեստի խոսքեր ասաց ՝՝Ժողովրդի պաշտպանության ջոկատներ՛՛-ի հասցեին, հայտարարելով, թե այն ապացուցել է ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ պայքարում իր կարեւոր դերն, ու ավելացրեց, թե Միացյալ Նահանգները շարունակելու է աշխատել քրդական այս զինված խմբավորման հետ։

Թուրքիայի նախագահ Էրդողանը փորձեց հանդես գալ պետդեպի հայտարուրությունը դատապարտող խոսքով։ Նրա հայտարարության մեջ ասված է, թե ինքը հավատում է, որ ԱՄՆ-ը կվերանայի իր խոսքերով՝ ՝՝սխալ տեսակետները՛՛։ Էրդողանն ավելացրեց, թե Անկարան ահաբեկչական կազմակերպություն է համարում ոչ միայն ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորմանը, այլ նաեւ Ժողովրդի պաշտպանության ջոկատներին ու Քրդստանի աշխատավորական կուսակցությանը։
Նշենք, որ Ժողովրդի պաշտպանության ջոկատները Սիրիայի քրդական Ժողովրդավարական Միություն կուսակցության զինյալ թեւն է։ Իսկ Ժողովրդավարական Միություն կուսակցությունն անցյալում կապեր է ունեցել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ։ Վերջինս, հիմնականում տեղակայված լինելով Թուրքիայի տարածքում, ինքնավարության ու անկախության ձգտումներով 8Օ-ական թվականներից մարտեր է մղել ընդդեմ Թուրքիայի անվտանգության ուժերի։ Քրդստանի աշխատավորական կուսակցությանն ահաբեկչական խմբավորում են համարում ոչ միայն Թուրքիան, այլ նաեւ՝ Եվրոպական Միությունն ու ԱՄՆ-ը։ Սակայն Ժողովրդի պաշտպանության ջոկատներին ԱՄՆ-ը ահաբեկչական չի համարում։

Թուրք մի դիվանագետ այս ամիս հաստատեց այն լուրերը, որոնց համաձայն Թուրքիան ամերիկյան ռազմական օդանավերին թույլ չի տվել Ժողովրդի պաշտպանության ջոկատներին պաշտպանելու համար Ինջիրլիքի օդային հենակետից թռիչքներ իրականացնել։ Ու ինչպես վերլուծաբաններն են ասում, Թուրքիայի նման քաղաքականությունը նկատելիորեն ջախջախել է Վաշինգտոնի այն հույսերը, թե Ինջիրլիքը կարող էր ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ պայքարում ռազմավարական մեծ գործոն դառնալ։ Ամերիկայում, ասում են նրանք, Թուրքիայի կողմից խաբված լինելու զգացում կա։

Այսօր, երբ միայն օդային հարվածներով անհնար է պարտության մատնել ծայրահեղականներին, Վաշինգտոնը չէր ցանկանա կորցնել ցամաքային գրոհների հնարավորությունը, ինչի համար էլ օգնում է ու հույսը շատ դեպքերում դնում Սիրիայի քրդերի վրա։ Սակայն, եթե Վաշինգտոնը շարունակի պաշտպանել Սիրիայի քրդական ջոկատներին, ավելի կսրվեն հարաբերությունները դաշնակից Թուրքիայի հետ։

Փորձագետների խոսքերով, Վաշինգտոնից հնչող վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ ՝՝Իսլամական պետություն՛՛ խմբավորման դեմ լուրջ պատերազմ մղելու համար Վաշինգտոնը պատրաստ է վճարել Թուրքիայի հետ հարաբերությունները սրելու գինը։

XS
SM
MD
LG